«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը վերականգնվում է ծնկի վիրահատությունից հետո, հայտնում է Goal-ը:
Արդեն հիմա 33-ամյա ուրուգվայցին ցանկանում է քայլել առանց հենակների, և կատալոնական ակումբում հավատում են, որ նա շարք կվերադառնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Անձամբ Սուարեսը հույս ունի դաշտ վերադառնալ ապրիլի վերջին, երբ կկայանա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը:
Լուիսն այս տարվա հունվարի կեսին է վիրահատվել: Հաղորդվում էր, որ վերականգնման համար ֆուտբոլիստից 4 ամիս կպահանջվի, ինչից հետո որոշ ժամանակ էլ անհրաժեշտ կլիներ անհրաժեշտ մարզավիճակ հավաքելու համար: Այդ իսկ պատճառով Սուարեսի վերադարձը սպասվում էր արդեն մրցաշրջանի ավարտից հետո:
Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսն Իսպանիայի առաջնության 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: