Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան, որը 2019 թվականի նոյեմբերից չի խաղում վնասվածքի պատճառով, պատրաստ կլինի դաշտ վերադառնալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` գործող չեմպիոն «Լիվերպուլի» հետ առաջին խաղում, որը կկայանա փետրվարի 18-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:
31-ամյա հարձակվողը, որը վերականգնվում էր վնասվածքից, նախորդ շաբաթ միացել է թիմի` ընդհանուր խմբի մարզումներին, սակայն «Աթլետիկոյի» մարզչական շտաբը դեռևս պաշտոնապես չի հաստատել, որ Կոստան վերադառնում է:
Այս մասին հայտնում է AS-ը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Դիեգո Կոստան «Աթլետիկոյի» կազմում 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում Կոստան Իսպանիայի առաջնության 16 խաղում 2 գոլ էր խփել: