Ֆրանսիական սպորտը ապրում է պատմության ամենամեծ սկանդալներից մեկը: Մի քանի գեղասահորդուհիներ, ովքեր հանդես են եկել 20-րդ դարի վերջնամասում, հայտարարել են, որ դեռահաս տարիքում սեքսուալ բռնությունների զոհ են դարձել:
Այդ ոճրագործության մեջ մեղադրվում են Ֆրանսիայի հավաքականի մարզիչները:
Այս ամենի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ գեղասահորդուհիներից մեկը՝ Սառա Աբիտոլը իր ինքնակենսագրական գրքում խոսել է այդ հրեշավոր արարքի մասին:
«Այդքան երկար լռություն» գրքում՝ Ֆրանսիայի իննակի չեմպիոնուհին պատմել է, որ բռնության է ենթարկվել իր նախկին մարզիչ Ժիլ Բեյերի կողմից: Սառան նշում է, որ առաջին դեպքը տեղի է ունեցել 1990 թվականին, երբ նա ընդամենը 15 տարեկան էր:
Դա է եղել պատճառը, որ երիտասարդ գեղասահորդուհին լքել է Բեյերի խումբը:
Հատկանշական է, որ գրքի հրապարակումից հետո, Ժիլ Բեյերը փաստացի ընդունել է իր մեղքը ՝ նշելով, որ զղջում է այդ ամենի համար:
Աբիտոլին միացել է նաև մեկ այլ գեղասահորդուհի ՝ Էլեն Գոդարը, ով նույնպես պատմել է բռնության դեպքերի մասին: Այս անգամ մեղադրական սլաքները ուղղվել են Ժան-Ռոլան Ռակլեի ուղղությամբ: Գոդարի փոխանցմամբ, Ռակլեի զոհերի թվում են հայտնվել առնվազն 12 անչափահաս մարզուհիներ:
Հավելենք, որ դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել մարզիչներին: Մեղադրյալների թվում է նաև Ֆրանսիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը՝ Դիդյե Գայագեն, ով 2 տասնամյակ գլխավորում է այդ կառույցը: