Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Գաիսկա Գարիտանոն Իսպանիայի արքայական գավաթի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ հանդիպման նախօրեին պատասխանել է կատալոնական ակումբում առկա ճգնաժամի մասին հարցին։
««Բարսելոնան» ֆավորիտ է ցանկացած խաղում։ Նրանց կազմում խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, դրա համար նրանք ֆավորիտ են լինելու Չեմպիոնների լիգայում, Լա լիգայում ու Իսպանիայի գավաթում։
Ի՞նչ ճգնաժամ կարող է լինել, եթե քո թիմում խաղում են Մեսսին, Գրիզմանը, Ռակիտիչը, Բուսկետսը, Պիկեն․․․Ի՞նչ ճգնաժամ։ «Բարսելոնան» հիանալի թիմ է հիասքանչ ֆուտբոլիստներով», –Գարիտանոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
«Աթլետիկ» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին՝ 23։55-ին։