Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Եվրոպայի առաջնության կազմը ներկայացնելուց հետո լրագրողներին պատմել է՝ ինչ սկզբունքով է կատարվել ընտրությունն ու ինչ սպասելիքներ կան Հռոմում կայանալիք կարևոր մրցաշարից.
«Եվրոպայի առաջնությանը ներկայացուցիչ կունենանք բոլոր քաշերում: Ընտրությունը կատարել ենք հիմնվելով հիմնականում Հայաստանի առաջնության , ինչպես նաև վերջին տարիների միջազգային մրցաշարերի արդյունքների վրա:
Ո՞ր քաշային կարգում էր ավելի բարդ ընտրությունը. բնականաբար այն քաշերում, որոնցում մրցակցությունը շատ է, օրինակ 61, 65՝ թեթև քաշերում»:
Ինչ վերաբերում է ակնկալիքներին, Կուրղինյանի խոսքով կարևորը լավ մասնակցությունն է.
«Մարզիկները բոլորն էլ պատրաստ են: Վնասվածքներ չունեն: Դա արդեն լավ է: Իսկ մնացածը գորգը ցույց կտա: Դժվար կլինի նախապես ասել, թե ինչ մեդալներ կնվաճենք»:
Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով Եվրոպայի այս առաջնությունն ինչ-որ չափով որոշիչ կլինի առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերի կազմերի ընտրության հարցում.
«Միանշանակ չեմ կարող ասել բոլորի համար, բայց իհարկե Եվրոպայի առաջնությունը հարցերի պատասխան կտա: Իսկ ինչ վերաբերում է Տոկիո-2020-ի հավանական ուղեգրերին, կարծում եմ՝ 2-3 ուղեգիրն իրատեսական է»,- իր խոսքում նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը կկայանա փետրվարի 10-ից 16-ն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Ազատ ոճայինները մրցավայր կմեկնեն հետևյալ կազմով՝
Միհրան Ջաբուրյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Գևորգ Մխեյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արմեն Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Մարզպետ Գալստյան (92 կգ) Սարգիս Հովսեփյան (97 կգ), Լևան Բերիանիձե (125 կգ):