Հունվարի 31-ին տրանսֆերային պատուհանը փակվեց եվրոփական շատ երկրներում, այդ թվում նաև թոփ-5 լիգաներում։ ArmSport-ը առաջարկում է ծանոթանալ վերջին շաբաթվա կարևորագույն տրանսֆերային իրադարձություններին համառոտ։
Էրիկսենը տեղափոխվեց «Ինտեր»
«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը տեղափոխվեց Միլանի «Ինտեր»։ Դանիացու տրանսֆերի համար միլանյան ակումբը կվճարի 20 միլիոն եվրո: Էրիկսենը նոր ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2024 թ․ հունիսի 30-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց Բրունո Ֆերնանդեշին
«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշին: ՄՅՈւ-ն ֆուտբոլիստի համար վճարելու է 55 միլիոն եվրո, գումարած 25 միլիոն բոնուսների տեսքով:
Ֆլորենցին մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի Իսպանիայում
«Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին կարիերան կշարունակի «Վալենսիայում»։ Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա իսպանական ակումբում։ Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում և չի նշվում «Վալենսիայի» կողմից պարտադիր գնման իրավունքը:
Պյոնտեկը՝ «Հերտայի» ֆուտբոլիստ
«Միլանի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը տեղափոխվեց «Հերտա»։ Գերմանական ակումբը լեհ ֆուտբոլիստի համար կվճարի 27 մլն եվրո։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Կարասկոն վերադարձավ Մադրիդ
Բելգիացի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն դարձավ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստը իսպանական ակումբում հանդես կգա վարձավճարով։
«Արարատ-Արմենիան» շարունակում է տպավորիչ ձեռքբերումների շարքը
«Արարատ-Արմենիա» է տեղափոխվել 33-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանը։ Գուֆրանը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ֆրանսիական «Կան», «Բորդո», անգլիական «Նյուքասլ» ակումբներում։
Գաբիգոլը մնում է «Ֆլամենգոյում»
«Ինտերի» հարձակվող Գաբրիել Բարբոսան տեղափոխվեց «Ֆլամենգո» ՝ մշտական հիմունքներով: Կողմերը արդեն պայմանավորվել են տրանսֆերի բոլոր մանրամասների շուրջ: «Ֆլամենգոն» խաղացողի համար կվճարի 17 միլիոն եվրո: Ֆուտբոլիստն ինքը յուրաքանչյուր մրցաշրջանում կվաստակի 4 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:
Ռոդրիգեսը նոր ակումբ ունի
«Միլանի» և Շվեյցարիայի հավաքականի եզրային պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը վարձակալական հիմունքներով հանդես կգա ՊՍՎ-ում:
Դենի Ռոուզը վարձավճարով տեղափոխվեց «Նյուքասլ»
«Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզը վարձավճարով տեղափոխվեց «Նյուքասլ» մինչև մրցաշրջանի ավարտ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
ՄՅՈւ-ն նոր հարձակվող ունի
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է չինական «Շանհայ Շենհուայի» հարձակվող Օդիոն Իգալոյի տրանսֆերը վարձակալությամբ ձեռք բերելու մասին։
Շեֆիլդ Յունայթեդը կատարել է ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը
«Գենկի» կիսապաշտպան Սարդեր Բերգեն տեղափոխվեց «Շեֆիլդ Յունայթեդ»: Գործարքը կազմել է 26 միլիոն եվրո: Այսպիսով, անգլիական ակումբը իր պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը կատարեց: Նորվեգացի հենակետային կիսապաշտպանը նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել 4,5 տարի ժամկետով:
«Հերտան» ևս մեկ նորեկ ունի
Բեռլինի «Հերտան» ամենաակտիվ ակումբներից մեկն է վերջին օրերին տրանսֆերային շուկայում։ Գերմանական ակումբի հերթական նորեկը «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Մատեուշ Կունյան է։ 20-ամյա հարձակվողի համար «Հերտան» վճարել է 15 մլն եվրո։
Բարսելոնան հայտարարեց «նոր Կրիշտիանուի» տրանսֆերի մասին
«Բարսելոնան» հայտարարեց «Բրագայի» հարձակվող Ֆրանսիշկու Տրինկաուի տեղափոխության մասին: 20-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանը կավարտի Պորտուգալիայի առաջնությունում ու հուլիսի 1-ին կմիանա կատալոնական թիմին:
«Տոտենհեմը» գնել է «Բետիսի» ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը
«Տոտենհեմը» ակտիվացրել է «Բետիսից» կիսապաշտպան Ջովաննի Լո Չելսոյի ամբողջական տրանսֆերը գնելու պայմանագրով նախատեսված կետը: Այս մասին հայտնում են անգլիական ակումբի մամուլի ծառայությունից: Ըստ Transfermarkt-ի, ֆուտբոլիստի համար լոնդոնյան ակումբը կվճարի 60 մլն եվրո։ Արգենտինացի ֆուտբոլիստը կմնա «Տոտենհեմում»՝ պայմանագիր կնքելով մինչև 2025 թվականը:
Սթիվեն Բերգվեյնը` «Տոտենհեմի» ֆուտբոլիստ
ՊՍՎ-ի կիսապաշտպան Սթիվեն Բերգվեյնը պաշտոնապես դարձել է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ։ Անգլիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 30 մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թվականը:
Վար Բաբայան
Շարքի նախորդ մասերը
Բարսեղյանը՝ Աստանայի ֆուբոլիստ, Ինտերը ակտիվորեն համալրում է կազմը և շաբաթվա մյուս տրանսֆերները
Յանգը տեղափոխվեց Ինտեր, Տոդիբոն նախընտրեց Շալկեն և շաբաթվա մյուս տրանսֆերները
Հովհաննիսյանը՝ Կայրաթում, Չելսին առաջին նորեկն ունի և շաբաթվա նշանակալից մյուս տրանսֆերները