Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Աթլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0) Զինեդին Զիդանի համար դարձել է 129-րդը՝ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Ֆրանսիացի մասնագետն այս ցուցանիշով երրորդ տեղն է բարձրացել «Ռեալի» մարզիչների շրջանում և շրջանցել պորտուգալացի Ժոզե Մոուրինյուին, որը «Ռեալում» աշխատել է 2010-ից 2013 թվականներին: «Տոտենհեմի» ներկայիս գլխավոր մարզչի ակտիվում 128 հաղթանակ կա:
Առաջին տեղում Միգել Մունյոսն է (357), իսկ երկրորդ տեղում՝ Վիսենտե դել Բոսկեն (133):
Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկու անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունում, Իսպանիայի Սուպերգավաթում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, մեկ անգամ էլ դարձել է Իսպանիայի չեմպիոն:
Մադրիդցիների գլխավոր մարզչի պաշտոնում ֆրանսիացին 192 հանդիպում է անցկացրել, հաղթանակների տոկոսը 67.1 է: