Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Ունիոն Բեռլինին» (5:0):
Հանդիպման մեկնարկում «Բորուսիային» հաջողվեց երկու անգամ գրավել բեռլինյան ակումբի դարպասը:
Նախ Սանչոն գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը, ապա Հոլանդը խփեց այս հանդիպման երկրորդ, իսկ իր ՝ 6-րդ գնդակը «Բորուսիայի» կազմում:
Երկրորդ խաղակեսի 66-րդ րոպեին Հոլանդը 11-մետրանոց վաստակեց, որը վստահորեն իրացրեց Մարկո Ռոյսը: 5 րոպե անց, հանդիպման չորրորդ գոլը հեղինակեց Վիտսելը:
Իհարկե, Հոլանդը չէր կարող մեկ գոլով հեռանալ խաղադաշտից: 76-րդ րոպեին նորվեգացին դարձավ դուբլի հեղինակ: Հոլանդը 3 խաղում արդեն 7 գոլի հեղինակ է դարձել:
Այսպիսով, «Բորուսիան» վաստակեց 39 միավոր ՝ շրջանցելով Մյունխենգլադբախի «Բորուսիային», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: