Ղազախական «Աստանան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Պորտուգալիայում, որին մասնակցում է նաև թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը:
Ղազախական ակումբի մամուլի քարտուղարությունը հավաքի մասին պատմող տեսանյութ է հրապարակել.
«Աստանան» Պորտուգալիայում հավաք կանցկացնի մինչև փետրվարի 10-ը, որի ընթացքում կմասնակցի նաև «Atlantic Cup»-ին: Միջազգային մրցաշարին, բացի «Աստանայից», կմասնակցեն նաև դանիական «Կոպենհագենը», «Բրոնդբյուն», «Աարխուսը», շվեդական «Նորչեպինգը», «Հակկեյնը», չեխական «Սլավիան» և նորվեգական «Վելերենգան»:
«Աստանան» ընդգրկված է A խմբում` «Բրոնդբյուի», «Կոպենհագենի» և «Նորչեպինգի» հետ: Առաջին հանդիպումը ղազախական թիմը կանցկացնի վաղը`հունվարի 31-ին, մրցելով «Կոպենհագենի» հետ:
Հիշեցնենք` Տիգրան Բարսեղյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ «Աստանայի» առաջարկը ստանալուց հետո երկար չի մտածել.
«Երբ առաջարկ ստացա, երկար չմտածեցի: Խոսեցի ընտանիքիս հետ ու որոշեցի խաղալ այստեղ: Կփորձեմ անել ամեն հնարավորն ու անհնարը, որպեսզի օգնեմ «Աստանային» լուծել իր առջև դրված խնդիրները: Ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի խմբային փուլում. դա շատ կարևոր է ինչպես իմ, այնպես էլ թիմի համար: Հուսով եմ` գոլերս թիմին կօգնեն հաղթել»,- ասել է Տիգրան Բարսեղյանը:
Բարսեղյանի հետ «Աստանան» 2 տարվա պայմանագիր է կնքել: