Բուլղարիայի հավաքականի 29-ամյա պաշտպան Գեորգի Պաշովը, որը վերջին 1.5 տարվա ընթացքում պաշտպանում էր Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գույները, որպես ղազախական «Ժետիսուի» ֆուտբոլիստ իր առաջին հարցազրույցն է տվել Sports պարբերականի` խոսելով նաև հայաստանյան կարիերայի մասին.
-Որքանով` տեղյակ եմ, Ձեր մայրական պապիկն աֆրիկացի է: Ո՞ր երկրից է:
-Հայրս բուլղարացի է, մայրս` ուկրաինացի, իսկ նրա հայրը`նիգերիացի: Մեծացել ու ապրում եմ Բուլղարիայում:
-Լավ կրթություն եք ստացել և տնտեսագիտության մագիստրոս եք հանդիսանում: Ինչպե՞ս է հաջողվել համատեղել բարձրագույն կրթությունն ու ֆուտբոլը պրոֆեսիոնալ մակարդակում:
-Այո, ճիշտ եք: Ուրախ եմ, որ կարողացել եմ ուշադրություն հատկացնել իմ կրթությանը: Դժվար էր կրթությունը ֆուտբոլի հետ համատեղելը, բայց երբ մարդ ինչ-որ բան է ցանկանում, նա գտնում է դա անելու միջոցը: Ինչպես գիտեք, ֆուտբոլը ժամանակավոր է, ու ես պետք է մտածեմ իմ ապագայի մասին:
-Ինչպե՞ս հայտնվեցիք ֆուտբոլում:
-Երբ 8 տարեկան էի, հայրս առաջարկեց հեռուստացույցով ֆուտբոլ դիտել, ու ինձ դուր եկավ: Իսկ հետո ցանկացա հաճախել ֆուտբոլի ու մարզվել:
-Մի՞շտ եք պաշտպանի դիրքում խաղացել:
-Սկսել եմ խաղալ որպես հարձակվող: 18 տարեկանում պրոֆեսիոնալ մակարդակով եմ խաղացել ու, լավ արագության շնորհիվ, սկսել եմ խաղալ որպես վինգեր: Ժամանակի հետ ինձ սկսեցին օգտագործել պաշտպանության աջ եզրում, այնտեղ էլ հանդես եմ գալիս մինչ օրս: Ընդհանուր առմամբ, սիրում եմ երկու եզրում էլ խաղալ, բայց ավելի շատ սիրում եմ հարձակվել:
-Կարելի՞ է ասել, որ Բուլղարիայից Հայաստան տեղափոխությունը 28 տարեկանում Ձեզ համար միայն օգտակար եղավ:
-Կարող եմ ասել, որ Հայաստան տեղափոխությունն ինձ համար քայլ առաջ էր, քանի որ այնտեղ ես մեծ հաջողություններ գրանցեցի: Ես շատ լավ խաղացի եվրագավաթային մրցաշարերում, այդ իսկ պատճառով ինձ նկատեցին նաև Բուլղարիայի ազգային հավաքականից ու հրավիրեցին թիմ:
-Իսկ ի՞նչ եք կարծում Բուլղարիայի հավաքականի մարզիչները Ձեզ կհետևեն նաև Ղազախստանո՞ւմ:
-Ես շատ երջանիկ էի, որ կարողացա նորամուտս նշել Բուլղարիայի հավաքականում ու մի քանի կարևոր խաղի մասնակցել: Վստահ եմ` ինձ կհետևեն նաև Ղազախստանում, քանի որ սա առաջնություն է, որի մակարդակը տարեցտարի բարձրանում է:
-Ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը «Ժետիսու»:
-«Արարատ-Արմենիայի» մարզական տնօրենն ինձ ասաց, որ «Ժետիսուի» կողից հետաքրքրություն կա իմ հանդեպ, բայց ոչ այնպես, որ միանգամից ձևակերպվի տրանսֆերը: Սկզբում ես պետք է փորձաշրջան անցնեի: Չգիտեմ` սա ճիշտ է, թե ոչ, բայց ինչպես հասկացա, Ղազախստանի համար սա նորմալ պրակտիկա է: Մեկ շաբաթ անցկացրի թիմի հետ, ամեն ինչ լավ անցավ: Ու հիմա շատ երջանիկ եմ, որ դարձել եմ «Ժետիսուի» ֆուտբոլիստ:
-Նախկինում ի՞նչ գիտեիք Ղազախստանի ու ղազախական ֆուտբոլի մասին:
-Շատ եմ լսել ղազախական ֆուտբոլի մասին: Գիտեմ, որ ձեր առաջնությունը բավականին լավ մակարդակի վրա է գտնվում, ու տարեցտարի զարգանում է: Եվ, իհարկե, Ղազախստանի առաջնության մակարդակը շատ ավելի բարձր է, քան Հայաստանինը: