Հայաստանում հերթական անգամ անցկացվեց բասկետբոլային երկար սպասված միջոցառումը՝ Աստղերի խաղը, որի շրջանակում նախատեսված էին մի շարք դիտարժան մրցույթներ:
Մեկնարկում կայացան մրցումներ, որոնց մասնակցեցին հայկական շոու-բիզնեսի աստղեր, մարզական լրագրողներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ուշագրավ էին 3 միավորանոց նետումները. համառ պայքար էր ձևավորվել, ինչը երկրպագուների շրջանում մեծ ուրախություն էր առաջացրել: Հաջորդիվ՝ դանքերի մրցույթը նույնպես հետաքրքիր մթնոլորտում անցավ:
Հայաստանի աղջիկների տարբեր տարիքային հավաքականները ևս մասնակցություն ունեցան միջոցառմանը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ArmSport-ի հետ զրույցում ընդգծում է միջոցառման կարևորությունը.
«Նպատակն այն էր, որ բասկետբոլային տոն լինի, ինչի համար Վբեթ Ա լիգայի ղեկավարությունն ամեն ինչ արել է: Կարծում եմ՝ ստացվեց, բազում հանդիսականներ կային: Եւս մեկ անգամ ընդգծվեց, որ Հայաստանում բասկետբոլի նկատմամբ հետաքրքրվածությունը մեծանում է: Հանդիսականները նման միջոցառումների կարոտ են: Շատ կարևոր է, որ մեր Բանակի օրն անցկացվեց, դա պատահական չէր ընտրվել: Տեսանք, որ տարբեր ոլորտների մարդիկ բասկետբոլի միջոցով այսօր լավ ժամանակ անցկացրեցին:
Այսպիսի խաղերի հիմնական նպատակը մարզաձևի մասայականացումն է: Կարող ենք վստահաբար ասել, որ իր նպատակին ծառայեց: Մեծ թվով երեխաներ, պատանիներ եկել էին տեսնելու սիրելի բասկետբոլիստներին, երգիչներին, աստղերին»:
Հարկ է ընդգծել, որ ՄԶՀՀԿ համալիրում (նախկին «Միկա» մարզահամալիր) հանդիսականները շատ էին և հազվադեպ էին ազատ նստելատեղեր նկատվում:
Լայնածավալ միջոցառմանը մասնակցություն ունեցավ Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան: Հաշմանդամություն ունեցող մարզիկները հեռու տարածություններից նետումներ էին կատարում:
Միջոցառման զարդը, իհարկե, Աստղերի խաղն էր՝ Վբեթ Ա լիգայի ամբողջ աշխարհի թիմի (Հայաստան +) և ամերիկացի բասկետբոլիստների միջև: Խաղն անցավ գերլարված պայքարում: Հանդիպման ավարտից ընդամենը 2 վայրկյան առաջ հաշիվը հավասար էր՝ 91:91, բայց ամենավերջում Հայաստան + թիմը խելահեղ հաղթանակ կորզեց:
Հայաստանում բասկետբոլային նման մասսայական միջոցառում 2-րդ անգամ է անցկացվում: Արթուր Նազարյանը նաև խոսեց նախորդ և այս միջոցառումների տարբերության մասին.
«Այս անգամ ավելի բարձր որակով էր կազմակերպված, ինչի ապացույցն է, որ ավելի մեծ թվով հանդիսականներ կային: Պետք է հաշվի առնել, որ օրը տոնական էր:
Վերջին տարիներին անցկացվում են կանոնավոր առաջնություններ, այդ հանգամանքը նպաստում է, որ նման միջոցառումները ավելի հետաքրքիր լինեն»:
Արման Առաքելյան