Իսպանական Պրիմերայի 21-րդ տուրում «Ալավեսն» ընդունել է «Վիլյառեալին»: Հանդիպումը կայացել է Վիտորիայի «Մեդիսորոսա» մարզադաշտում և ավարտվել 1:2 հաշվով:
Հյուրերը հաշվի մեջ առաջ են անցել արդեն 10-րդ րոպեին՝ Կառլոս Բակայի ջանքերի շնորհիվ: Խաղավարտին՝ 80-րդ րոպեին, հաշվի հավասարակշռությունը վերականգնել է տանտերերի հարձակվող Խոսելուն: Հանդիպման ելքը վճռվել է մրցավարի եզրափակիչ սուլիչից քիչ առաջ՝ 89-րդ րոպեին: «Վիլյառեալի» կազմում հաղթական գոլը հեղինակել է ակումբի 19-ամյա սան Ֆերնանդո Նինյո Ռոդրիգեսը: Ընդ որում, ֆուտբոլիստն իր նորամուտն է նշել Իսպանիայի առաջնությունում:
«Վիլյառեալը», վաստակելով 31 միավոր, Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Ալավեսը» 23 միավորով գտնվում է 14-րդ տեղում: