Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան գումարել էր ընդհանուր ժողով, որի արդյունքում Ռուստամ Ալավերդյանն ընտրվեց ֆեդերացիայի նախագահ:
Ավելի վաղ ֆեդերացիայի բազմամյա նախագահ Տիգրան Չոբանյանը հրաժարվել էր գրանցվել ու մասնակցել ժողովին` չճանաչելով վերջինիս օրինականությունը: Ալավերդյանն անդրադարձավ կատարվածին.
«Տհաճ էր պարոն Չոբանյանի արձագանքը: ՀՀ-ում գործում է մարզաձևի 18 մարզադպրոց: 15 մարզադպրոցի ներկայացուցիչներ այստեղ են: Զգալի մեծամասնություն ենք կազմում: Այս ժողովը կազմվել է, քանի որ ներքին կանոնադրությունը սարսափելի կերպով խախտվել է: Ցավում եմ, որ ներկա չէ պարոն Չոբանյանը, ում շատ հարցեր ունեմ ուղղելու: Փորձելու ենք միասնական ուժերով ոտքի կանգնեցնենլ ֆեդերացիան: Այս ժողովի մասնակիցները արդարության են ձգտում: Ով կվստահի ինձ, շնորհակալ եմ, չվստահողին` նույնպես: Այս ծանր բեռը, որը վերցնում ենք, փառքով կտանենք` մեկս մյուսին սիրելով»,-եզրափակեց Ալավերդյանը:
Այնուհետև Ալավերդյանը հայտնեց, որ ըստ իրեն` Չոբանյանի ղեկավարությամբ երկու անգամ` Ջերմուկում հավաքի և Գյումրիում,մանկապատանեկան մրցման անցկացման համար 1 միլիոն 760 հազար դրամ և 1 միլիոն 698 հազար դրամ հաշվետվություն է ներկայացվել: Մարզիչները փաստեցին, որ երկու միջոցառումները չեն կայացել: Նա ասաց, որ ամեն ինչ կքննարկվի իրավական դաշտում:
Նախագահ ընտրվելուց հետո Ռուստամ Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց աջակիցներին, նախաձեռնող խմբին: Հայտնեց, որ առաջիկայում ֆեդերացիայի խորհուրդը կընտրի փոխնախագահներին, քարտուղարին: