Իսպանական Պրիմերայի 21-րդ տուրի՝ «Վալենսիայի» ու «Բարսելոնայի» միջև խաղից առաջ, որը կայացել է այսօր՝ հունվարի 25-ին, Վալենսիայի «Մեստալյա» մարզադաշտում, բախում է տեղի ունեցել երկրպագուների միջև:
Միջադեպը տեղի է ունեցել մարզադաշտի մոտակայքում: Մի խումբ ֆանատներ՝ առանց ակումբային խորհրդանիշների, վազել են իրենց մրցակիցների հետևից: Փախչողները ֆանատների ուղղությամբ ճայթրուկներ են նետել, սակայն ի պատասխան, բացի նույն այդ ճայթրուկներից, աթոռներ են նետվել՝ վերցված մոտակա սրճարանից:
Հիշեցնենք՝ «Վալենսիա»-«Բարսելոնա» հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 2:0 հաշվով հաղթանակով:
Կապտանռնագույնները, վաստակելով 43 միավոր, գլխավորում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Չղջիկները» 34 միավորով 5-րդ տեղում են: