Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է Հայաստանի առաջնությունն ու խոսել մրցանակային տեղեր զբաղեցրած մեր շախմատիստների՝ չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանի, արծաթե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանի ու բրոնզե մեդալը նվաճած Ռոբերտ Հովհաննիսյանի մասին․
«Ընդհանրապես Հայաստանի առաջնություններն անցնում են շատ հետաքրքիր՝ թե՛ կանանց, և թե ՛ տղամարդկանց, քանի որ արդեն գերհզոր կազմ է հավաքում՝ 11 գրոսմայստեր և ընդամենը մեկ միջազգային վարպետ՝ Մամիկոն Ղարիբյանը։ Բայց իրականում խաղում են Հայաստանի լավագույն շախմատիստներն ու մրցաշարը շատ դժվար, համառ պայքարում է անցնում, ու դժվար է կողնորոշվել ,թե ով պետք է դառնա չեմպիոն, քանի որ բոլորը ցանկանում են ու բոլորը կարող են դառնալ չեմպիոն»,- խոստովանում է Սմբատ Լպուտյանը։
Խոսելով Հայաստանի նորընծա չեմպիոն՝ Սամվել Տեր-Սահակյանի մասին, ՀՀ շախմատային ֆեդերացիայի փոխնախագահը բարձր գնահատեց հայ գրոսմայստերի որակներն ու վստահություն հայտնեց՝ նա մեծ օգուտ կտա մեր հավաքականին․
«Սամվել Տեր-Սահակյանը գերազանց առաջնություն անցկացրեց ու շատ լավ խաղ ցուցադրեց ամբողջ մրցաշարի ընթացքում՝ արժանանալով Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվելուն։ Շնորհավորում եմ նրան այս առիթով։ Վստահ եմ՝ նա մեծ օգուտ կտա Հայաստանի հավաքականին։
Շատ լավ հանդես եկավ նաև Հայկ Մարտիրոսյանը, որը նախորդ տարվա մեր չեմպիոնն էր։Հայկը դժվար պայքարում կարողացավ վերջում ցույց տալ իր բարձր կարգը։ Երրորդ տեղը զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը, որն ամենաբարձր վարկանիշն ուներ ու մեր ուժեղագույն շախմատիստներից է, և նույնպես հավակնում էր Հայաստանի հավաքականում ընդգրկվելուն։ Երեքն էլ շատ հզոր ու լավ շախմատ ցուցադրեցին։ Շնորհավորում եմ նրանց՝ մրցանակային տեղեր զբաղեցնելու առթիվ»,- ասել է Սմբատ Լպուտյանը։