Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան «Մանչեսթեր Յունայթեդին» մեղադրել է այն բանում, որ ակումբը չի կարողացել ապահովել «ֆուտբոլիստների արժանավայել պահվածքն» ԱՊԼ-ի 23-րդ տուրի` «Լիվերպուլի» հետ խաղում:
Խոսքն այն դրվագի մասին է, երբ ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները շրջափակել են մրցավար Քրեյգ Պոուսոնին Ռոբերտո Ֆիրմինոյի` առաջին կեսում խփած գոլից հետո: Ավելի ուշ այդ գոլը չեղարկվել է:
«Լիվերպուլն» այդ խաղում 2:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին», գոլեր են հեղինակել Վիրջիլ վան Դեյկն ու Մոհամեդ Սալահը: «Մանչեսթեր Յունայթեդը» 23 խաղից հետո 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում` 30 միավոր վաստակելով:
Ընդ որում, հենց Ուլե-Գունար Սուլշերի թիմն է դարձել այն միակ թիմը, որին հաջողվել է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում միավորներ խլել «Լիվերպուլից». 9-րդ տուրում կայացած այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի`1:1 հաշվով: