Վերջերս «Ուրարտու-2»-ի միանգամից 8 ֆուտբոլիստներ սկսել են մարզվել գլխավոր թիմի հետ: «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հատկանշել է, որ ավելի շատ են շանսեր տալու երիտասարդ, պատանի ֆուտբոլիստներին:
Նշված ֆուտբոլիստների բացակայությունը, բնական է, որոշակիորեն փոխել է «Ուրարտու-2»-ի մարզչական շտաբի աշխատանքները: Չնայած դրան՝ երևանյան ակումբի 2-րդ թիմն ընկերական խաղում վստահորեն հաղթեց «Դիլիջանին»՝ 6:2:
ArmSport-ը զրուցել է «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանի հետ, ով խոսել է նախապատրաստական ընթացքի, հերթափոխի և առաջիկա ծրագրերի մասին:
-Բավականին վաղ եք սկսել մարզումները: Ինչպե՞ս են ընթանում:
-Այո, մեկնարկել ենք հունվարի 10-ից: Պայմանները լիարժեք գոհացնում են: Մեծ թվով ֆուտբոլիստներ գլխավոր թիմ են բարձրացել, ինչը մեզ համար ուրախալի է: Իրենց տեղը լրացրել ենք ավելի պատանի ֆուտբոլիստներով: Նոր թիմ ենք ձևավորում՝ փորձելով լրացնել տղաների բացը: Կարծում եմ՝ որոշ ֆուտբոլիստներ կվերադառնան մեր թիմ պրակտիկայի համար: Առավել պատանի ֆուտբոլիստները դեռևս տեմպին չեն հարմարվել, ինչը կլինի խաղերի ընթացքում: Նույնիսկ 2004 թվականին ծնված ֆուտբոլիստ ենք ընդգրկել թիմում:
-Խաղակցվածության առումով բացեր նկատվո՞ւմ են:
-Միշտ 2-րդ թիմերն ունենում են այդ խնդիրը, քանի որ գործընթացներն ակտիվ են ընթանում: Մեզ մոտ ամենակարևորը ֆուտբոլիստներ պատրաստելն է: Կարծում եմ՝ մի քանի խաղ և որևէ խնդիր չենք ունենա:
-Ընկերական հանդիպման մասին:
-Գոհ եմ տղաների խաղից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին հանդիպումն էր այս ընթացքում, որակական առումով ամեն ինչ լավ էր: Կոնցետրացիայի պակաս կար, որը այս ընթացքում հասկանալի է, առաջին խաղակեսում ոչնչից գոլ բաց թողեցինք…: Մրցակիցը առաջին խաղակեսում մրցունակ էր, կային լավ լեգիոներներ: Մենք ավելի շատ գոլային պահեր էինք ստեղծում: Երկրորդ կեսում արդեն շանս տվեցինք համեմատաբար պատանի ֆուտբոլիստների, նաև նրանց, ովքեր նոր են մեզ հետ մարզվում: Հաշիվն էլ գոհացնում է:
-Նախապատրաստական ծրագրերում փոփոխություններ կա՞ն:
-Գլխավոր թիմը, երբ մեկնի հավաքի, օրական 2 մարզում կանցկացնենք:
-Հասկանում ենք «Ուրարտու-2»-ի նպատակները՝ պատրաստել ֆուտբոլիստներ գլխավոր թիմի համար. այնուամենայնիվ Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում մոտավոր հաշվարկով ո՞ր հորիզոնականը զբաղեցնելը գոհացուցիչ կլինի Ձեզ համար:
-Միշտ փորձում ենք պայքարել որքան հնարավոր է բարձր հորիզոնականի համար: Այս առաջնությունում քառյակում հայտնվելը կհամարեմ լավ արդյունք:
ԱԽ-ի ընթացիկ առաջնության 17 հանդիպումներից հետո «Ուրարտու-2»-ը 7-րդ հորիզոնականում է:
Արման Առաքելյան