«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատրաստ է վնասվածքով մասնակցել Անգլիայի առաջնության 23-րդ տուրի` «Լիվերպուլի» հետ խաղին, հայտնում է Mirror-ը:
Անգլիացի հարձակվողը նախորդ տուրի` «Նորվիչի» հետ խաղում (4:0) վնասել է ծունկն ու Անգլիայի Գավաթի`«Վուլվերհեմփթոնի» հետ խաղի վերախաղարկումը (1:0) սկսել էր պահեստայինների նստարանին:
Փոխարինման դուրս գալով այդ խաղում` Ռեշֆորդը վնասել է մեջքն ու ընդամենը 15 րոպե անց լքել է դաշտը: Հիմա ֆուտբոլիստն ինտենսիվ բուժում է անցնում, որպեսզի վերականգնվի «Լիվերպուլի» հետ խաղին, որը կկայանա կիրակի`հունվարի 19-ին:
Բայց, աղբյուրի փոխանցմամբ, Ռեշֆորդը դրական է արձագանքել բուժմանն ու պատրաստ է մասնակցել խաղին, նույնիսկ եթե ստիպված լինի ցավազրկող ներարկումներ անել: Բայց վերջնական որոշումը կկայացնի մանկունիացիների գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը, որը չի ցանկանում, որպեսզի ֆուտբոլիստի վնասվածքը խորանա:
Մարկուս Ռեշֆորդն ընթացիկ մրցարջանում Անգլիայի առաջնության 22 հանդիպման է մասնակցել: Անգլիայի հավաքականի հարձակվողը 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: