Bsports պորտուգալական հայտնի ակադեմիան դեկտեմբերին Հայաստանում առաջին անգամ կազմակերպել էր ֆուտբոլային ճամբար` «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով:
Արդեն երկրորդ անգամ Bsports ակադեմիայի` Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը կազմակերպում է նույն խորագրով մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարը:
9-16 տարեկան հայ պատանիները գարնանային արձակուրդներում հնարավորություն կստանան մասնակցել միջազգային ֆուտբոլային ճամբարին: Մարտի 23-ից մեկնարկող հավաքի ժամանակ` 7 օրերի ընթացքում պատանի ֆուտբոլիստներին մարզելու են Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետներ:
Պատանիները զարգացնելու են խաղային տեխնիկան, մարտավարությունն ու մարզիկի հոգեբանությունը:
Իրենց լավագույն կերպով դրսևորած պատանիները մարզումները Եվրոպայում շարունակելու հնարավորություն կստանան: Առաջին հավաքի արդյունքներով արդեն ընտրվել էին երկու մարզիկներ, ովքեր հունիսին մեկնելու են Պորտուգալիա և մեկ ամիս անվճար մարզվելու են «Bsports» ակադեմիայում: