Նախորդ տարվա նոյեմբերից «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Ալեքսանդր Գրիգորյանը։ Արդեն տևական ժամանակ է անցել, ուստի պատկերացումները հայկական ֆուտբոլի մասին ավելի հստակ են դարձել։ «Ուրարտուի» մամուլի քարտուղարության հետ 53-ամյա մասնագետը պատմել է երևանյան թիմը գլխավորելու մասին.
— Ինչպե՞ս ստացվեց «Ուրարտուն» գլխավորելու տարբերակը։
— Ես ուզում էի աշխատել Հայաստանում և ունեի առաջարկներ նաև այլ ակումբներից։ «Ուրարտուն» գլխավորելու տարբերակը անսպասելի ստացվեց։ Չնայած, որ ես չէի թաքցնում, որ ուզում էի այստեղ աշխատել։ Ակումբը նաև մեծ ակադեմիա ունի։ Ֆուտբոլիստների սելեկցիայի ժամանակ առաջին հերթին դիտարկում ենք մեր ակադեմիայի շրջանավարտներին, իսկ մյուս ակումբները տարբերակներ են փնտրում արտասահմանում։ Բացի դրանից, այստեղ լավ պայմաններ են ստեղծված աշխատանքի համար։ Ջևան Չելոյանցի համար սա լուրջ նախագիծ է։
Հայաստանում բոլոր ակումբները պատկանում են անհատների, ովքեր էլ բավականին լուրջ մարդիկ են։ Ճիշտ է, միգուցե մակերեսորեն գիտեմ, թե ով ով է, բայց բոլորն էլ հարուստ մարդիկ են, գումարներ են ներդնում։ Հայերն առանց այդ էլ պատվախնդիր են, բոլորը պահանջում են զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Ինչպե՞ս ավարտվեց առաջնության առաջին հատվածը։ Բոլորն առաջին վեցնյակում ընդգրկվելու հնարավորություն ունեն։
Բայց հասկանալի է, որ մեկը լինելու է երկրորդը, մյուսը՝ երրորդը, բայց մեկն էլ լինելու է վեցերորդը, նման իրավիճակում ես իմ փորձով գիտեմ, որ էմոցիաները կարող են նահանջել․ «Ես կամ առաջինն եմ, կամ ոչ մեկ»։ Դրա միջով ես անցել եմ, երբ մարզչից պահանջում են, որ թիմը պետք է միշտ հաղթի ու միևնույն ժամանակ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրի, իսկ պարտություններն էլ բացառված են։ Նման հայտարարություններ անելու համար պետք է բացարձակապես ոչ պրոֆեսիոնալ լինել, որովհետև եթե դու Նապոլեոնի հավակնություններն ունես, պետք է գիտակցես, որ ֆուտբոլում կա նաև պատահականության գործոնը։ Ես ինքս աշխատել եմ նման իրավիճակում։ Պարտվել ես ուրեմն հեռանում ես։ Դա կրկես է, իսկական կրկես։ Ես կշռադատել եմ ամեն ինչ, գիտեմ որ Իլշատ Ֆայզուլինի ժամանակ եղել են դրական շրջաններ, երբ թիմը տևական ժամանակ որևէ պարտություն չէր կրում, բայց եղել են նաև բացասական հատվածներ, երբ երկար ժամանակահատված հաղթել չէր ստացվում։ Ամեն դեպքում նա հանգիստ շարունակում էր իր աշխատանքը, այսինքն նրա ղեկավարները այսրոպեական որոշումներ չէին կայացնում։
Հենց դա էլ ինձ պետք է, որովհետև ես արդեն երիտասարդ մարզիչ չեմ, ինքս էլ չեմ նկատել, թե ինչպես մեծացա։ Ես գնահատում եմ յուրաքանչյուր ժամը և այլևս չեմ ցանկանում գործ ունենալ պատահական մարդկանց հետ։ Ուզում եմ աշխատել լուրջ անձնավորությունների հետ»,- ասել է Ալեքսանդր Գրիգորյանը: