«Լոռիի» իսպանացի կիսապաշտպան Ալեխանդրո Պուերտասը հարցազրույց է տվել իսպանական Heraldo.es-ին։
Վերջին վեց ամիսները Ալեխանդրո Պուերտասը անցկացրել է Հայաստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Լոռիում»: 20-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը մեծ փորձ է ձեռք բերել Վանաձորում:
«Ես երեխա էի, իսկ այժմ հասուն տղամարդ եմ», — ասում է երիտասարդ ֆուտբոլիստը:
«Եղանակը, լեզուն և, իհարկե, ֆուտբոլը շատ տարբեր են։ Սկզբում պայմանները մի փոքր բարդ էին, շատ շոգ էր, այնպես որ ինձ համար մի փոքր դժվար էր, բայց ես հարմարվեցի։
Բացի հայերենից, այնտեղ տարածված է ռուսերենը և անգլերենը, սակայն այդ լեզուն ավելի քիչ են օգտագործում: Ես շփվում էի անգլերենով, որին այժմ շատ լավ եմ տիրապետում։ Հայկական ֆուտբոլը բավականին ուժային է, ֆուտբոլիստները շատ են տեղաշարժվում։ Սակայն այդ խաղաոճը իմը չէ։
Բարձրագույն խումբը իր խաղամակարդակով մոտ է Սեգունդա Բ-ին։ Սակայն կարծում եմ, որ այս փորձն ինձ տվել է այն ամենը, ինչ կարող էր, և ես ցանկանում եմ ուժերս փորձել արտասահմանյան մեկ այլ ակումբում»,-իսպանացու խոսքերն է մեջբերում Heraldo.es-ը։
Մինչև Հայաստանի առաջնություն տեղափոխվելը ֆուտբոլիստը հանդես է եկել Սեգունդա Բ-ի «Կորդովայի» երկրորդ թիմում։