Ղազախական «Տոբոլի» դարպասապահ Էմիլ Բալաևը պատմել է, որ անհատական ծրագրով է մարզվում Թուրքիայում և վերականգնողական փուլ է անցնում:
Այս մասին, Football24.az-ին հղում տալով, հայտնում է Prosports.kz-ը.
«Մրցաշրջանի ավարտին ես արդեն ժամանեցի Թուրքիա, որպեսզի ընդհանուր բուժզննում անցնեմ: Հիմա պլանային վերականգնում եմ անցնում: Այստեղ մոտ 1 շաբաթ կմնամ:
Արդյոք դա կապվա՞ծ է վնասվածքի հետ. ոչ, վնասվածք չունեմ: Սա պարզապես վերականգնողական գործընթաց է: Ի դեպ, չնայած վերականգնողական փուլին, շարունակում եմ աշխատել անհատական ծրագրով: Առողջությանս հետ ամեն բան կարգին է»,- ասել է Բալաևը:
Հիշեցնենք` «Տոբոլի» ֆուտբոլիստներն այս օրերին գտնվում են Դուբայում, որտեղ հավաք են անցկացնում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանի գլխավորությամբ:
Բալաևը ևս մեկնել էր Դուբայ, սակայն ոչ մի մարզման չի մասնակցել ու հենց հաջորդ օրը մեկնել է Թուրքիա: Ղազախական մամուլը վստահեցնում է` երկրի նախորդ առաջնության լավագույն դարպասապահն այլևս չի վերադառնա ու կհեռանա «Տոբոլից»:
Հիշեցնենք` երեկ «Տոբոլի» շարքերը պաշտոնապես համալրեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: