Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին տուրի պարտիաները: Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը հաղթեց Արամ Հակոբյանին, փոխչեմպիոն Հայկ Մարտիրոսյանը արագ հաղթանակ գրանցեց Հովհաննես Գաբուզյանին նկատմամբ, առաջին տուրում հաղթանակ տարավ նաև Սամվել Տեր-Սահակյանը. նրա մրցակիցն էր Զավեն Անդրիասյանը:
Առաջնության մեկնարկային տուրում մրցաշարում ամենացածր գործակից ունեցող Մամիկոն Ղարիբյանը մրցում էր ամենաբարձր գործակից ունեցող Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Սևերով հանդես եկող Ղարիբյանը ուներ զգալի առավելություն, սակայն վերջնամասում վրիպեց և պարտիան ավարտվեց հաշտությամբ: Հաշտություն գրանցվեց նաև Արման Միքայելյան — Շանթ Սարգսյան պարտիայում: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Այսօր կկայանա մրցաշարի 2-րդ տուրը:
Կանանց առաջնությունում Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը մեկնարկային տուրում պարտություն կրեց Սուսաննա Գաբոյանից: Մրցաշարի մյուս ֆավորիտներից Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց Աննա Խաչատրյանի հետ, իսկ Մարիա Կուրսովան միավորը կիսեց Վերոնիկա Խաչատրյանի հետ: Կանանց առաջնության առաջին տուրում Նարե Առաքելյանը հաղթեց Թերեզա Ամբարջյանին, իսկ Աստղիկ Հակոբյանը՝ Մարիամ Ավետիսյանին: