Հայաստանի Առաջին խմբի առաջնության թիմերը նույնպես նախապատրաստվում են մրցաշրջանի 2-րդ հատվածին:
Առաջին հատվածում «Դիլիջանը» տնային հանդիպումներն անցկացնում էր UWC միջազգային ուսումնական հաստատության խաղադաշտում:
Ակումբի նոր ղեկավարությունը որոշակի փոփոխություններ է իրականացնում նախապատրաստական շրջանում:
ArmSport.am-ին հայտնի է դարձել, որ թիմն այլևս UWC քոլեջում չի անցկացնելու սեփական հարկի հանդիպումները: Այժմ բանակցություններ են ընթանում և, ամենայն հավանականությամբ, «Դիլիջանը» մրցակիցներին կընդունի Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում:
Ինչպես հայտնի է, UWC դպրոցի տարածքում հայտնվելու համար հատուկ թույլտվություն է հարկավոր: Մինչև այժմ «Դիլիջանի» հանդիպումներին երկրպագուների, լրագրողների ներկայությունն ապահովելը մի շարք դեպքերում չի ստացվել, քանի որ վերջիններս նախապես թույլտվություն չեն ստացել: Փաստացի հանդիպումները դիտել ցանկացող անձինք չեն կարողացել պարզապես գնալ և խաղերին ներկա լինել: Անգամ մրցակից թիմերի մուտքին UWC նախորդում էր բարդ գործընթաց: Հիմնականում այս խնդիրներին ակումբի նոր ղեկավարությունը փորձում է լուծում տալ, ուստի ընտրվել է այլ մրցավայր տեղափոխվելու տարբերակը:
Հիշեցնենք, որ Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում մարզվում և տնային հանդիպումներն է անցկացնում նաև ԲԿՄԱ-ն:
«Դիլիջանը» Առաջին խմբի 16 հանդիպումներից հետո 7 միավորով 15-րդ հորիզոնականում է: