Միլանի «Ինտերը» մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էշլի Յանգին ձեռք բերելուն:
Իտալական թիմի ներկայացուցիչները շարունակում են բանակցություններ վարել «կարմիր սատանաների» հետ, որպեսզի հնարավորինս արագ համաձայնեցնի գործարքը, հայտնում է Sky Sport Italia-ն:
«Ինտերն» արդեն համաձայնության է եկել Յանգի հետ պայմանագրի պայմանների շուրջ: Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Էշլին 2011 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Ավելի վաղ 34-ամյա անգլիացին պաշտպանել է «Ասթոն Վիլայի» և «Վոթֆորդի» գույները: Ընթացիկ մրցաշրջանում Յանգը մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել ակումբային մակարդակում անցկացրած բոլոր 18 խաղերում:
Հիշեցնենք՝ «Ինտերն» անցած ամառ ձեռք բերեց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, ինչպես նաև վարձակալեց Ալեքսիս Սանչեսին: