Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից «Մասիսը», մեծ է հավանականությունը, որ չի շարունակի իր գործունեությունը:
Ինչպես հայտնի է, հետախուզման մեջ են ակումբի ղեկավար Կիրիլս Գրիգորովսը և նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Կուչինը: Ի դեպ, գործում Կուչինի ներգրավվածության մասին ArmSport.am-ը հայտնել էր ավելի վաղ, որտեղ էլ «Մասիսի» գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանը հայտնել էր հետևյալը. «Կա համասեփականատեր, որը Մասիսի բնակիչ է, կա դրսից մարդ, որը ֆինանսավորում է ակումբը»:
ArmSport.am-ի աղբյուրների համաձայն, ակումբի ֆինանսական հոսքերն ապահովում էր Գրիգորովսը: Մասիսի բնակիչ համասեփականատերը չի պատրաստվում ղեկավարել ակումբը և մտադիր է վաճառել այն: Հովանավոր չգտնելու դեպքում ակումբը կլուծարվի:
Հատկանշական է, որ «Մասիսում» այս պահին չկան գործող պայմանագիր ունեցող մարզիչներ և աշխատակիցներ, պայմանագրային պարտավորություններ ունեն ընդամենը 6 ֆուտբոլիստներ: Նրանցից Աշոտ Խաչատրյանը բողոք է ներկայացրել ՀՖՖ՝ չստացած աշխատավարձի պահանջով: ՀՖՖ վեճերի լուծման պալատը կքննի գործը: Մեզ հայտնի է դարձել, որ մյուս հայ խաղացողները նույնպես աշխատավարձ չեն ստացել և պատրաստվում են դիմել ֆեդերացիա:
Ի դեպ, «Մասիսի» գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանը նույնպես հեռացել է ակումբից:
Փետրվարի 28-ին նախանշված է «Ուրարտու-2» — «Մասիս» հանդիպումը՝ Առաջին խմբի առաջնությունում: Սա ենթադրում է, որ «Մասիսի» «հարցը» վճռվելու է մինչև փետրվարի վերջ: Եթե ակումբը նոր հովանավոր չունեցավ, չհավաքագրեց մարզչական շտաբ և կազմ, ապա կդադարի գոյություն ունենալ:
Արման Առաքելյան