Թեհրանում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Թախթիի Գավաթի խաղարկությունում այսօր ելույթ են ունեցել 57, 65, 79, 97 և 125 կգ քաշային կարգի ըմբիշները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարթյունյանը, տանելով երեք հաղթանակ, դուրս է եկել 57 կգ քաշային կարգի եզրափակիչ։ Հատկանշական է, որ եզրափակչի ճանապարհին Հարությունյանը 12։0 հաշվով հաղթել է 2019-ի դեկտեմբերին այդ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձած Միհրան Ջաբուրյանին։
Վաղը՝ հունվարի 9-ին, գորգ դուրս կգան 61, 70, 74, 86 և 92 կգ քաշայինները, ինչպես նաև կկայանան 57, 65, 79, 97 և 125 կգ քաշային կարգի սփոփիչ և եզրափակիչ գոտեմարտերը։