Շվեյցարացի թենսիստ Ռոջեր Ֆեդերերը խոստովանել է, որ մտածել է այն մասին, թե որքան արագ է թռչում ժամանակը: 38-ամյա շվեյցարացին բազմիցս ասել է, որ դեռևս չի մտածում կարիերան ավարտելու մասին:
«Վերջին 20-25 տարիներն այնքան արագ են անցել, որ ես չեմ հասցրել թարթել աչքս: 24 տարի առաջ ես մարզվում էի նարնջագույն գնդակով՝ մինչև 14 տարեկանների աշխարհի առաջնությունում: Իսկ հիմա՝ 2019 թվականին, այդ մրցաշարում հանդես է գալիս իմ գործակալի որդին:
Այդ իսկ պատճառով ես հիմա հաճախ եմ ինքս ինձ հարցնում՝ մի՞թե սա վերջն է, ամեն ինչ ավարտվե՞ց: Եթե այդպես է, ապա կյանքը չափազանց արագ է անցնում: Միևնույն ժամանակ այդ զգացողության մեջ ինչ-որ հրաշալի բան կա:
Ժամանակն ավելի արագ է թռչում, երբ կյանքից հաճույք ես ստանում: Ես հիանալի տարիներ եմ անցկացրել թենիսում և վստահ եմ, որ առջևում ևս ինձ հրաշալի ժամանակ է սպասում: Հասկանում եմ, որ շատ կկարոտեմ խաղալը»,- Ֆեդերերի խոսքերն է փոխանցում Tennis World USA-ը: