Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը կարող է բաժանվել պաշտպան Նելսոն Սեմեդուից առաջիկա ամռանը: Կապտանռնագույնները մտադիր են պորտուգալացու վաճառքից 50 մլն եվրո ստանալ, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը վերջերս Դուբայում հանդիպել է ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ ու նրան խնդրել նոր ակումբ փնտրել 26-ամյա պաշտպանի համար:
Սեմեդուն 2017 թվականի հուլիսից է հանդես գալիս «Բարսելոնայի» կազմում: Ավելի վաղ նա պաշտպանել է «Բենֆիկայի», «Ֆատիմայի», «Բենֆիկա-2»-ի և «Շենտրենշեի» գույները: Նելսոնի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Սեմեդուն կատալոնական ակումբում իսպանական Պրիմերայի 15 հանդիպման է մասնակցել, ևս 4 խաղի մասնակցել է Չեմպիոնների լիգայում: Պաշտպանն իր ակտիվում 3 գոլային փոխանցում է գրանցել: