Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի վերջին խաղում «Վուլվերհեմփթոնը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Հանդիպումը ակտիվ սկսեցին հյուրերը: Առաջին խաղակեսի 21-րդ րոպեին 11 մետրանոց հարված նշանակվեց դաշտի տերերի դարպասին: Գնդակին մոտեցավ Ռահիմ Ստերլինգը և չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:
«Վուլվերհեմփթոնի» դարպասապահ Ռուի Պատրիսիուն հետ մղեց գնդակը, սակայն, մրցավարը հրահանգեց կրկնել հարվածը, քանի որ պորտուգալացի դարպասապահը մինչև այդ դուրս էր եկել դարպասից:
Գնդակին նորից մոտեցավ Ստերլինգը և հարվածեց նույն ակյունը: Պատրիսիուն կրկին կարողացավ հետ մղել գնդակը , բայց այն հայտնվեց Ստերլինգի մոտ, ով կրկնակի հարվածով բացեց խաղի հաշիվը:
Անգլիայի հավաքականի հարձակվողը երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին խփեց նաև իր երկրորդ գնդակը:
«Վուլվերհեմփթոնը» ընդամենը 5 րոպե անց կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Ադամա Տրաորեն:
«Գայլերը» շարունակեցին ճնշումը և խաղի վերջնամասում ՝ 82 րոպեին, Տրաորեն կարողացավ օգտվել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մենդիի սխալից ու գնդակը փոխանցեց Ռաուլ Խիմենեսին, ով էլ գրավեց Բրավոյի դարպասը:
Բայց սա էլ վերջը չէր: «Վուլվերհեմփթոնը» կարողացավ նաև հաղթանակ կորզել, երբ 89-րդ րոպեին Դոհերթին գեղեցիկ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին:
Ռահիմ Ստերլինգը կարող էր ավելացված ժամանակում փրկել «Քաղաքաբնակներին», բայց նրա նուրբ հարվածը դիպավ դարպասաձողին:
Այսպիսով «գայլերը» ֆանտաստիկ խաղում կարողացան հաղթել Գվարդիոլայի թիմին (3:2):
«Մանչեսթեր Սիթին» 38 միավորով մնաց 3-րդ հորիզոնականում`14 միավորով զիջելով առաջատար «Լիվերպուլին»: Բացի այդ, Յուրգեն Կլոպի թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել քան «Սիթին»:
«Վուլվերհեմփթոնը» վաստակեց 30 միավոր՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: