Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը գնահատել է Թուրինի «Յուվենտուսի»՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու հեռանկարները, ինչպես նաև խոսել է իտալական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Ինչպես ևս 7 կամ 8 թիմ, «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայում հանդես է գալիս այն հաղթելու նպատակով: Սա խելամիտ նպատակ է, բայց միայն մեկ ակումբ կարող է նվաճել այդ տիտղոսը: Այս նպատակն արդեն մի քանի տարի է՝ «Յուվենտուսն» իր առջև դրել է, և ես հույս ունեմ, որ նրանք կհասնեն դրան: Նրանք որակի հետ խնդիր չունեն, բայց հաղթանակի համար այլ ուժեղ թիմեր ևս պայքարում են, այնպես որ՝ տեսնենք:
Ռոնալդուն մեծագույն չեմպիոն է, որը երկար տարին է՝ բարձր մակարդակի վրա է գտնվում: Նա ծարավ է հաղթանակների և գոլեր խփելու: Կրիշտիանուն իսկական պրոֆեսիոնալ է: Նա հիմա այնքան շատ չի տեղաշարժվում, որքան՝ 4-5 տարի առաջ, բայց հիմա դա ավելի լավ է անում: Երբ ձեր թիմում այդպիսի ֆուտբոլիստ է հանդես գալիս, դուք գիտեք, որ նա ամեն պահի ունակ է վճռել խաղի ելքը»,- Դեշամի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: