Կայացավ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած 2019 թվականի 10 լավագույն մարզիկների քվեարկությունը:
Մրցույթը կայացավ 3-րդ անգամ: Տարիների ընթացքում մրցույթի ձևաչափը որոշակիորեն փոփոխվել է, բայց քննարկումների ալիքը չի նվազում:
Ձևաչափը
Մրցույթի անցկացման առաջին տարում, որն այն ժամանակ կազմակերպել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ձևաչափն այլ էր: Տասնյակը կազմվում էր հավատարմագրված մարզական լրագրողների և հանրության SMS քվեարկությունների արդյունքում: Հենց սկզբից հաղորդագրությունները էապես ազդեցին լրագրողների քվեարկության արդյունքների վրա:
Վերջին 2 տարիներին 1/3 հարաբերակցությամբ հաշվի են առնվում մարզական լրագրողների, մարզական ֆեդերացիաների մարզիչների և ներկայացուցիչների, նաև SMS քվեարկության արդյունքները:
Չնայած այս հանգամանքին՝ մարզաշխարհի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ հարկավոր է հրաժարվել SMS հաղորդագրությունների մտքից: Եւ այստեղ կա տրամաբանություն…
Անշուշտ բնական է, որ մարզիկներին մոտ կանգնած անձինք ջանք չեն խնայում բազմաթիվ մարդկանց միջոցով հաղորդագրություններ ուղարկել նախընտրելի մարզիկի օգտին: Եվ SMS քվեարկությունում դժվար է տարանջատել՝ հաղթեց մարզասերների օբյեկտիվ կարծիքը, թե՞ մի խումբ քվեարկողների ճարպկությունը։ Վերջին օրերին մարզական լրագրողները, մարզիչները մեծածավալ քննարկումներ են իրականացնում, կարելի է ասել՝ անգամ վիճում են մի շարք հարցերի շուրջ: Բայց այդ քննարկումների վերջնական արտացոլանքը միշտ չէ որ իր արժանի տեղն է զբաղեցնում SMS հաղորդագրությունների հետ մրցակցությունում։
Փաստացի, բախվում են պրոֆեսիոնալիզմը և մրցութային իրարանցումը, ինչը էական հետք է թողնում տասնյակի ձևավորման հարցում:
Քննարկումներ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ծանոթ է խնդրին: Ըստ նախարարի՝ քննարկումները շարունակվելու են և ընտրվելու է լավագույն մոդելը:
Ըստ ամենայնի՝ լրագրողների և մարզիչներ/ներկայացուցիչների քվեարկությամբ ավելի օբյեկտիվ պատկեր կունանանք:
ArmSport.am-ը լավագույն մարզիների տասնյակի քննարկումների ակտիվ մասնակից է: Մեր տասնյակը արտահայտում է խմբագրության տեսակետն ու ամփոփիչ որոշումը: Մեզ համար նույնպես որոշումը կայացվում է համալիր քննարկումների արդյունքում: Այն կարծիքին ենք, որ տարվա լավագույններին պետք է ընտրեն մարզական ընտանիքի անդամները և ամբողջ տարվա ընթացքում նվաճումներն ու ձախողումները, երկրի սպորտային կյանքը լուսաբանող անձինք:
Արման Առաքելյան