«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրություններին.
«Անկեղծ ասած` այս առումով այնքան բացասական բան է գրվել, ցանկանում եմ նշել, թե ինչ դրական բաներ եղան կայացած ընտրություններում`
- Վերջապես քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցան միայն այն կազմակերպությունները, որոնք ուղղակիորեն կապ ունեն հայկական ֆուտբոլի հետ և մասնակցում են Հանրապետությունում այս մարզաձևի զարգացմանը: Այսպես կոչված «ֆեյքերը»` կազմակերպություններ, որոնք վաղուց դադարեցրել են իրենց գործունեությունը կամ գրանցված էին բացառապես որոշ թեկնածուների աջակցության համար, զրկվեցին ձայնի իրավունքից: Հուսով եմ`հաջորդ ժողովի ընթացքում նրանք ամբողջովին կհեռացվեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների կազմից:
- Երկար տարիների ընթացքում առաջին անգամ կայացան ֆեդերացիայի նախագահի այլընտրանքային ընտրություններ, չնայած`նախքան ընտրությունները բոլոր քննարկումներն այն մասին էին, թե ով ում կողմից է, և արժանի ու ուժեղ թեկնածուներից մեկը`Արսեն Աղաջանյանը, տարօրինակ կերպով հեռացվեց մրցապայքարից … իսկ ծրագրերի քննարկման փոխարեն, վիճում էին, թե ով է ավելի շատ վնաս հասցրել, այդուհանդերձ, ֆեդերացիայի անդամները ունեցան ընտրություն և կատարեցին այն:
- Վերջապես ընտրվեց, և ոչ թե նշանակվեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն: Քվեարկեցին Հայաստանում ֆուտբոլով զբաղվող կազմակերպություններն ու դատելով ազգանուններից`Գործկոմն անկախ ու աշխատունակ մարմին դարձավ:
Մնում է հուսալ, որ այս անգամ հայկական ֆուտբոլում կսկսվեն փոփոխություններ դեպի լավը, մեր ջանքերն ու հայկական ֆուտբոլի զարգացման համար կատարած ներդրումներն իզուր չեն լինի: