«Տորպեդո» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամի ընտրություններին իրենց ակումբի անունից մասնակցել է մի մարդ, որը երբևէ չի աշխատել իրենց ակումբում և որևէ առնչություն չունի «Տորպեդոյի» հետ.
«Հարգարժան ֆուտբոլային հանրություն, այսօր կայացան ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները: Ավելի վաղ մեր ակումբը հայտնել էր իր դիրքորոշումը, սակայն մեր ակումբի որոշ ներկայացուցիչներ այլ գործելաոճ ընտրեցին:
Ակումբի տնօրեն Հարություն Արմենակյանը, սեփական շահերից ելնելով, «Տորպեդո» ֆուտբոլային ակումբի անունից ՀՖՖ արտահերթ ժողովին գործուղել էր Նորայր Ավագյան անուն-ազգանունով մարդու (լուսանկարի վրա), որը երբևէ չի աշխատել մեր ակումբում և ակումբի հետ ոչ մի առնչություն չունի:
Վերոնշյալ բոլոր գործողությունները կատարվել են ակումբի ղեկավարության մեջքի ետևում` ընտրությունների ընթացքի վրա ազդելու նպատակով: Վերոնշյալ անձնավորության գործողությունները նախապես պլանավորված էին հետաքրքրված անձանց կողմից: Սա պարզապես խարդախություն է, որին տրվել է «Տորպեդոյի» տնօրենը` օգտվելով կասկածելի իրավաբանի խորհրդատվությունից և ստորագրելով անհրաժեշտ փաստաթղթեր:
«Տորպեդո» ֆուտբոլային ակումբն այն կարծիքին է, որ Հարություն Արմենակյանին խաբել են և շատ շուտով կհայտնի իր դիրքորոշումն այս հարցով: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում համապատասխան մարմիններին ի գիտություն ընդունել այս հայտարարությունը` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:
«Տորպեդո» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Արմեն Մելիքբեկյանին` ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում է ծրագրերի իրականացում նոր պաշտոնում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: