ՀՖՖ նախագահի թեկնածու, «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը ArmSport-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման տարածած հաղորդագրությանը:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք FAF երկրպագուական շարժման հայտարարությունը, ովքեր մասնավորապես նշում էին՝ իրենց տվյալներով քարոզարշավի ընթացքում ահաբեկվում են ինչպես ընտրությանը մասնակից ՀԿ նախագահներ, ՀԿ-ի ներկայացուցիչ պատվիրակներ, այնպես էլ ֆան շարժման ներկայացուցիչ անդամներ և որ Ռուբեն Հայրապետյանի և իր ամբողջ թիմի հնարավոր վերադարձը լինելու է Թովմաս Գրիգորյանի տեսքով։
-Շատ վիրավորական էր նման հայտարարությունը: Հոգնել եմ այս թեմայից: Միայն մեկ բան կարող եմ ասել՝ իմ մրցակիցներին հաջողվեց իրականացնել մանիպուլյացիա, ինչի շնորհիվ շրջանառության մեջ դրեցին «հների, նորերի» թեման:
Նախքան ՖԱՖ-ին անդրադառնալը, մեկ բան կասեմ. ամբողջ ֆուտբոլային հասարակությունը գիտի, որ ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին վերջին փուլում ֆուտբոլ բերել է Արմեն Նիկողոսյանը, որը դե ֆակտո գլխավոր հերոսն է եղել կառավարման համակարգում: Արմեն Մելիքբեկյանի ընտրության դեպքում, ինչը կլինի ՀՖՖ-ի վերջը, Արմեն Նիկողոսյանը նորից լինելու է մեկ գլուխ բարձր Արմեն Մելիքբեկյանից: Մինչև վերջին վայրկյանը Արմեն Նիկողոսյանը եղել է Ռուբեն Հայրապետյանի գլխավոր խորհրդականը, տասնյակ տարիներ եղել է Ռուբեն Հայրապետյանի ամենամտերիմը ֆուտբոլային աշխարհում, ես սա չեմ չափազանցնում: Եթե մարդիկ Նիկողոսյանի մոտ որևէ բառ կամ նախադասություն էին ասում, 10 վայրկյան հետո դա իմանում էր Ռուբեն Հայրապետյանը: Տասնյակ բաներ են եղել, որոնք մենք լսել ենք կողքից: Նույնիսկ վերջերս, նրանք Ռուբեն Հայրապետյանի մեքենայով՝ Maybach-ով եկել, իջել են ֆեդերացիա, ամբողջ անձնակազմը տեսել է, երևի՝ որևէ հավաքույթից են եկել, երկուսի տրամադրությունն էլ բարձր է եղել, եկել ֆեդերացիայի մոտ իջել են … իսկ թե ես երբ եմ տեսել Հայրապետյանին, չեմ հիշում: Ու հիմա ես դարձա նրա մա՞րդը … սա պարզապես սպեկուլյացիա է:
Իրենց կապը երկար է: Ընտանեկան կապ էլ է եղել: Չեմ ցանկանա ասել, թե Արմեն Նիկողոսյանի ընտանիքի որ անդամին ինչ օգնություն է ցույց տվել Ռուբեն Հայրապետյանը: Իմ և Ռուբեն Հայրապետյանի կապը եղել է ֆուտբոլային: Իսկ ինձ հետ որևիցե ֆեդերացիայի նախագահ չէր կարող կապ չունենալ:
Ինչ վերաբերում է ՖԱՖ-ին, ապա ես հանդիպել եմ իրենց հետ, իրենց մեջ այսօր էլ կան մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ ու հարգում եմ, առհասարակ բոլորին եմ հարգում: Խնդրում եմ մանիպուլյացիայի մի՛ ենթարկեք այս ամենը: Ես ոչ մեկի մարդը չեմ: Ես ֆուտբոլի մարդ եմ: Ձեր կարգախոսն ինձ համար շատ ընդունելի ու հարազատ է՝ «Հայրենիքի պատիվը բարձր է ամեն ինչից»: Տղաներ, կոչ եմ անում՝ եկեք հայրենիքի ու ֆուտբոլի պատիվը բարձր պահենք ամեն ինչից և մեր երկիրը հավուր պատշաճի ներկայացնենք ֆուտբոլում: Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ ես չեմ կարող որևէ ուժի կցորդ լինել: Եթե որևէ պաշտոնյա, կամ ֆան-շարժման անդամ կզգա նման բան, ես պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել: Ավելին, այդ թեզն առաջ քաշելով՝ ֆեդերացիայի աշխատակիցներն ինձ շատ վնաս պատճառեցին: Կարծում եմ՝ ապացուցեցի, թե ով ում մարդն է: Այսինքն, Մելիքբեկյանը Հայրապետյանի մարդու մարդն է»,- ասել է Թովմաս Գրիգորյանը:
ՀԳ. Թովմաս Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ մեր կայքում կլինի շուտով: