Դժվար է հիշել մեկ այլ մրցաշար, որի դիտումների քանակը հասնում է 2 միլիարդի: Սա Չեմպիոնների լիգան է, որտեղ միահյուսվում են փորձառությունն ու երիտասարդությունը: Սա այն Չեմպիոնների լիգան է, որտեղ միմյանց են հակադրվում «ոսկու տրցակներն» ու մարզչական տաղանդը:
Եվ այսպես, ավարտվեց 2019-20 խաղարկության խմբային փուլը: Կարող ենք վստահորեն նշել, որ այս խաղարկությունը տարբերվում է մյուսներից: Առաջին անգամն է, որ փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու հնարավորություն են ստացել միայն թոփ 5 առաջնությունների թիմերը: Արևմտյան Եվրոպան պայքարից դուրս է թողնում իր ավելի անփորձ, բայց հավակնոտ հարևանին՝ Արևելյան Եվրոպային: Միասին փորձենք հասկանալ, թե եվրոպական ֆուտբոլի աստղաբույլը ի՞նչ ակնկալիքներով և խնդիրներով է մոտենում Չեմպիոնների լիգայի որոշիչ փուլին:
Անգլիա. 4 ակումբ
Վերջին տարիներին Անգլիայի Պրեմիեր լիգան այնպիսի թափ է հավաքել, որ երբեմն թվում է , թե կղզիաբնակներին այնքան էլ չի հետաքրքրում «եվրոպական տոնախբությունը»: Ինչպես ասվում է հին բրիտանական ասույթում ՝ ինչու հեռադիտակով հետևել հարևանի տիկնոջը, երբ քո գրկում այդ պահին նստած է շիկահեր գեղեցկուհին:
«Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հակամարտությունը զարդարում է Պրեմիեր լիգան: Յուրգեն Կլոպի թիմը մինչև վերջին պահը պայքարեց Գվարդիոլայի «տիկի տակայի» դեմ, բայց «երկնագույնները» կարողացան նախորդ մրցաշրջանը ավարտել առաջին հորիզոնականում: Դրա փոխարեն, լիվերպուլյան ակումբը նվաճեց եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր տիտղոսը՝ մեղմելով այն տեսակետը, թե անգլիական ակումբները հաճախ անհաջողության են մատնվում Չեմպիոնների լիգայում, քանի որ ներքին առաջնության ինտեսիվությունը «քամում» է նրանց վերջին ուժերը:
Եվ եթե այս մրցաշրջանում այս թիմերը տարբեր արդյունքներ են ցուցադրում Պրեմիեր լիգայում, ապա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երկուսն էլ զբաղեցրին իրենց խմբերի առաջին հորիզոնականները:
Անգլիայի գործող չեմպիոնը հայտնվել էր մի խմբում, որտեղ առաջինը լինելը անակնկալ չի կարելի համարել: Երբ քո մրցակիցներն են «Ատալանտան», Դոնեցկի «Շախտյորը» և Զագրեբի «Դինամոն», խմբային փուլը վերածվում է «հաճելի զբոսանքի»: Բայց «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները չպետք է կորցնեն զգոնությունը, քանի որ Գվարդիոլայի ղեկավարած թիմը իրական խնդիրներ ունի: Դրանց մի մասի գոյությունը զարմանք չի առաջացնում:
Տարբեր պատճառներով թիմի հետ չեն Կոմպանին, Լապորտը, Սանեն և Զինչենկոն: Կոմպանին հեռանալով ակումբից, կարծես իր հետ տարավ վստահության մի մասնիկ, որը այս մրցաշրջանում այդքան պակասում է կատալոնացի մարզչի գլխավորած թիմին: Պաշտպանությունում չկա այն հենասյունը, որը կարող է ղեկավարել թիմի խաղը:
Ինչի՞ մասին է խոսքը, եթե պաշտպանության բացերը ստիպված է լրացնել 34-ամյա Ֆերնանդինյոն: Կա նաև Գվարդիոլայի հանգամանքը: Կատալոնացի մարզիչը կորցրել է այն խաղային ռիթմը, որը հաջողություն էր բերում նրան: Մրցակիցները սովորել են Պեպի ֆուտբոլին և արդեն գտնում են հակախաղը:
Գվարդիոլայի գլխավոր նպատակն այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգան հաղթելն է: Բայց ինչպե՞ս հասնել դրան, եթե հենց նա է նշում, որ իր թիմը չի կարող մրցել եվրոպական գրանդների դեմ: Այս հայտարարությունից կարող ենք ենթադրել, որ ակումբում կան ոչ միայն խաղային, այլ նաև հոգեբանական խնդիրներ: Միգուցե սա Գվարդիոլայի վերջին հնարավորությունն է «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճելու Չեմպիոնների լիգայի գավաթը:
Նրանց գլխավոր մրցակիցը՝ «Լիվերպուլը» գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և կարող է հաղթահարել 30 տարվա «անեծքը» (ակումբը վերջին անգամ չեմպիոն է հռչակվել 1990-ին): Կլոպի թիմը մոտ է չեմպիոնի տիտղոսը «Էնֆիլդ» վերադարձնելուն, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն փորձելու պաշտպանել Չեմպիոնների լիգայի տիտղոսը:
«Լիվերպուլը» խմբային փուլում հանդիպեց նույն դժվարություններին, ինչպես և անցած մրցաշրջանում: Նորից մրցակիցների թվում էր «Նապոլին», որի հետ անգլիական ակումբը հանդիպել էր նաև անցած մրցաշրջանում: Անցած տարի էլ Կլոպի թիմը բարդությամբ հաղթահարեց խմբային փուլը, բայց ցույց տվեց իր իրական ներուժը փլեյ-օֆֆ փուլում:
Ի տարբերություն «Մանչեսթեր Սիթիի»՝ «Լիվերպուլը» կարծես թե խոցելի տեղեր չունի: Գուցե կարելի նշել տակտիկական սխեման (4:3:3), որը Կլոպը չի փոխում՝ կանխատեսելի դարձնելով իր խաղը թոփ ակումբների համար:
Անգլիական մյուս ակումբները՝ «Չելսին» և «Տոտենհեմը» նույնպես փլեյ- օֆֆում են: Երկու թիմերում էլ տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ: Եթե «Տոտենհեմը» գլխավորել է փորձառու Ժոզե Մոուրինյուն, ապա «Չելսիի» ղեկը վստահվել է ակումբի լեգենդ Ֆրենկ Լեմպարդին: Ֆրենկը թիմը համալրել է երիտասարդ ֆուտբոլիստներով, քանի որ ակումբը զրկված էր ֆուտբոլիստներ գնելու հնարավորությունից:
Սա այն «Չելսին» չէ, որը մենք սովոր էինք տեսնել: Այստեղ չկան՝ Դրոգբայի, Տերիի և հենց Լեմպարդի նման առաջատարներ: Սա երիտասարդ թիմ է, որը կարողացավ դուրս գալ բավական բարդ խմբից: Նրանք պայքարից դուրս թողեցին անցած տարվա կիսաեզրափակչի մասնակցին՝ Ամստերդամի «Այաքսին»: Պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ այս երիտասարդ թիմից, պարզապես կարող ենք հաջողություն մաղթել Լեմպարդին, ով առաջին քայլերն է կատարում իր մարզչական կարիերայում:
Նույնը չենք կարող ասել Մոուրինյույի մասին, ով արդեն բազում կիլոմետրեր է անցել այդ ճանապարհին: Հնարավոր է, որ Պոչետինոյի հեռացումը պորտուգալացի մասնագետին հնարավորություն կտա վերադառնալ մեծ ֆուտբոլ: Թիմը ընդգրկված էր Մյունխենի «Բավարիայի» հետ նույն խմբում և կարողացավ առանց լուրջ խնդիրների գրավել երկրորդ հորիզոնականը: Միակ սև բիծը ՝ «Բավարիայից» կրած ցավալի պարտությունն էր (2:7): Հիշենք, որ պորտուգալացու ղեկավարած թիմերը իսկական գավաթային մարտիկներ են, և ուրեմն կարող եք չզարմանալ, եթե «Տոտենհեմին» կրկին հանդիպեք եզրափակչում:
Իսպանիա.4 ակումբ
Առանց իսպանական ֆուտբոլի երկու դրոշակակիրների դժվար կլիներ պատկերացնել Չեմպիոնների լիգայի որոշիչ փուլը: Երկու ակումբներն էլ հավասար պայքար են մղում Լա լիգայում: Այնպիսի տպավորություն է, որ նրանց չի հետաքրքրում, թե որ տեղով դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ:
Կատալոնական ակումբը հայտնվել էր բավական բարդ խմբում, բայց այնտեղ խաղում է Լեո Մեսսին, ում հետ «Բարսելոնան» արդեն երեք տարի է, ինչ չի պարտվում խմբային փուլում: Սա նշանակում է, որ քանի դեռ Մեսսին լավ մարզավիճակում է՝ Վալվերդեն կարող է հանգիստ լինել: Կատալոնական ակումբը ունի խնդիրներ, և դրանք հիմնականում կապված են մարզչի հետ: Եվ եթե Վալվերդեն չկրկնի «Ռոմայի» և «Լիվերպուլի» «հրաշքը», ապա մենք դեռ երկար կվայելենք Տեր Ստեգենի և Մեսսիի հրաշալի խաղը:
Մադրիդի «Ռեալ» ակումբը մրցաշրջանի սկզբում խնդիրների առաջ էր կանգնել: Թիմը, երեք տարի անընդմեջ հաղթելով Չեմպիոնների լիգան, կարծես վերալիցքավորման խնդիր ուներ: Դա էր գլխավոր պատճառը, որը ստիպեց Զիդանին հեռանալ, սակայն «արքայական ակումբը» կրկին զգաց նրա կարիքը:
Մրցաշրջանի ծանր մեկնարկը շատերին վստահեցրեց, որ «Ռեալը» այն չէ, ինչը սովոր են տեսնել այս թիմի երկրպագուները: Սակայն, Վալվերդե — Կազեմիրո կիսապաշտպանական զույգը կարողացավ հավասարակշռել թիմի պաշտպանության և հարձակման գծերը: Նրանց ֆանտաստիկ խաղի շնորհիվ մադրիդյան ակումբի երկրպագուները կարող են հույս ունենալ, որ «Ռեալը» կարող է վերադարձնել չեմպիոնական տիտղոսը:
Մադրիդի «Ատլետիկոն» և «Վալենսիան» նույնպես վստահորեն դուրս եկան հաջորդ փուլ: Հատկանշական է «Վալենսիայի» արդյունքը, որը առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ: Վերջին անգամ «Չղջիկները» նման ցուցանիշ էին գրանցել 2000-2001 մրցաշրջանում, երբ խմբում զբաղեցրել էին առաջին հորիզոնականը՝ հետագայում հասնելով մինչև եզրափակիչ:
«Ատլետիկոն» էլ կարողացավ իր խմբում գրավել երկրորդ հորիզոնականը՝ 6 միավորով զիջելով «Յուվենտուսին»: Մոսկվայի «Լոկոմոտիվը» և «Բայերը» չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ իսպանական ակումբին:
Իտալիա. 3 ակումբ
Վերջին տարիների ընթացքում, երբ խոսում ենք իտալական ֆուտբոլի մասին, ապա հիմնականում հիշում ենք մեկ անուն՝ «Յուվենտուս»:
Իտալական ֆուտբոլի բազմամյա առաջատարի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն է: Այդ էր պատճառը, որ թիմ հրավիրվեց Կրիշտիանո Ռոնալդուն: Այն փաստը, որ թուրինյան ակումբը հաղթահարեց խմբային փուլը, չի կարող ընկալվել որպես մեծ հաջողություն: Սա բնականոն ընթացք է, որին այս ակումբի երկրպագուները արդեն վաղուց սովորել են: Իսկ ահա գավաթը նվաճելը դեռ անհասանելի նվաճում է թվում: Եթե չեք հավատում, կարող եք հարցնել Ջանլուիջի Բուֆոնին: Նա կարող է այդ թեմայով երկար խոսել:
Դժվար է ասել, թե Մաուրիցիո Սարին որքանով է համապատասխանում այդ դերին: Ռունալդուի հետ ունեցած խնդիրները չեն նպաստում թիմում լավ մթնոլորտ ստեղծելուն: Սակայն, Սարին իր կարիերայի ընթացքում ապացուցել է, որ աստղեր և հեղինակություններ չի ճանաչում: Նրա ծխամորճի մոխիրը շատերի փայլն է «խամրեցրել»: Մի բան հստակ է՝ «Ծեր սինյորան» երիտասարդացման կարիք ունի:
«Նապոլին», հայտնվելով «Լիվերպուլի» հետ նույն խմբում, կարողացավ պայքար մղել անգլիական ակումբի հետ: Թիմը արժանիորեն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, որքան էլ մենք չհամակրենք «Զալցբուրգին» և նրա երիտասարդ առաջատար Էրլինգ Հոլանդին: Սակայն, այդ արդյունքը չտպավորեց ակումբի ղեկավարությանը, և Կառլո Անչելոտին հեռացավ Նեապոլից: Այժմ, «Նապոլիի» երկրպագուները իրենց բոլոր հույսերը պետք է կապեն Ջենարո Գատուզոյի հետ:
Ինչ վերաբերում է «Ատալանտային», ապա Բերգամոն ներկայացնող այս ակումբը կարող է գոհ լինել իր մրցելույթներից: Թիմը առաջին անգամ էր մասնակցում այսպիսի բարձրակարգ մրցաշարի: Գասպերինիի գլխավորած թիմը կարողացավ հաղթահարել սկզբնական լարվածությունը և «Մանչեսթեր Սիթիի» հետ միասին դուրս եկավ հաջորդ փուլ:
Գերմանիա. 3 ակումբ
Մյունխենի «Բավարիան» մի քանի ռեկորդների հեղինակ դարձավ այս խաղարկությունում: Թիմը բոլորից շատ միավորներ վաստակեց խմբային փուլում(18), բոլորից շատ գոլեր խփեց (24), իսկ նրա առաջատար հարձակվողը՝ Ռոբերտ Լևանդովսկին դարձավ խմբային փուլի լավագույն ռմբարկու՝ խփելով 10 գնդակ: Այս ամենի հետ դժվար է համակցվում թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հրաժարականը, բայց դա ավելի շատ Բունդեսլիգայում ունեցած անհաջող մրցելույթների հետևանք էր: «Գերմանական մեքենան» պահում է իր նշաձողը: Մնում է միայն հասկանալ, թե արդյո՞ք այն կբավարարի ավելի հզոր մրցակիցների հետ պայքարում:
Դորտմունդի «Բորուսիայի» և «Լայպցիգի» միջև կարելի է գտնել շատ նմանություններ: Երկուսն էլ ցուցադրում են արագ և հարձակվողական ֆուտբոլ: Լուսյեն Ֆավրի բախտը ավելի քիչ էր բերել, քանի որ նրա թիմը հայտնվել էր «Բարսելոնայի» և «Ինտերի» հետ նույն խմբում: Սակայն, դա բացարձակապես չխանգարեց գերմանական ակումբին զբաղեցնելու երկրորդ հորիզոնականը: Իհարկե, արդարության համար արձանագրենք՝ «Բորուսիան» պետք է շնորհակալություն հայտնի «Բարսելոնային», որն իր համար ոչինչ չորոշող խաղում հաղթեց Միլանի «Ինտերին»:
Գերմանական մյուս ակումբը՝ «Լայպցիգը», հայտնվել էր մի խմբում, որտեղ բոլոր թիմերի հնարավորությունները գրեթե հավասար էին: Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն ուժեղ գտնվեց «Զենիթից», «Բենֆիկայից» և «Լիոնից»: Նագելսմանը դարձավ ամենաերիտասարդ մարզիչը, ով կարողացավ իր թիմին դուրս բերել հաջորդ փուլ:
Ֆրանսիա. 2 ակումբ
Նշենք՝ այն ժամանակներից, ինչ արաբ շեյխերը գնեցին ՊՍԺ-ն, ֆրանսիական ակումբը միշտ էլ կարողացել է հաղթահարել խմբային մրացաշարը: Իրական խնդիրներն առաջանում են փլեյ-օֆֆ փուլում: Ակումբն ունի բոլոր հնարավորությունները թոփ ակումբների հետ հավասար մրցակցելու, սակայն ինչ-որ բան միշտ խանգարում է:
Միգուցե հիմնական խնդիրը հոգեբանությու՞նն է: Թիմն ամեն տարի նվաճում է չեմպիոնի տիտղոսը սեփական առաջնությունում, քանի որ չի զգում իրական հակազդեցություն այլ ակումբների կողմից: Բացի այդ, այն լարվածությունը, որը սնուցվում է շեյխերի կողմից, հանգիստ չի տալիս թիմի մարզչին և ֆուտբոլիստներին: Այդ է պատճառը, որ Նեյմարը և Մբապեն ցանկանում են լքել ակումբը, քանի որ Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը բավարար չէ այդպիսի հավակնոտ ֆուտբոլիստների համար:
Տարիներ առաջ նույն իրավիճակում էր գտնվում «Լիոնը»: Թիմը մշտապես խաղում էր Չեմպիոնների լիգայում, հաղթում էր ներքին առաջնությունում՝ ցուցադրելով դիտարժան ֆուտբոլ: Բայց այդ ժամանակներն անցել են: Սա նոր, երիտասարդ թիմ է, որի սպորտային տնօրենը՝ Ժունինյոն, փորձում է ակումբի երկրպագուներին վերադարձնել երբեմնի հաջողությունները: Չնայած այս ամենին, հաջորդ փուլում հայտնված 16 թիմերից «Լիոնն» է համարվում ամենացանկալի մրցակիցը:
Այսպիսով, երկուշաբթի՝ Շվեցարիայի Նիոն քաղաքում, տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Արդեն պարզ է, որ կտեսնենք շատ հետաքրքիր զույգեր, քանի որ մրցապայքարում մնացել են թոփ 5 առաջնությունների լավագույն թիմերը:
Նարեկ Գրիգորյան