ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հյուրընկալելով 168TV-ում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարին, խոսել է հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
-Ինչո՞ւ հրաժարական տվեցիք:
-Ես երբեք հրաժարական չեմ տվել: Եթե հեղափոխություն էլ չլիներ, միևնույն է չէի առաջադրվելու: Կշտացել էի ֆուտբոլից: Ով՝ ուզում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, խորհուրդ կտամ չդառնալ: Այդպիսի անշնորհակալ աշխատանք չկա: Հավաքականը հաղթում է, ապրեն ֆուտբոլիստներն ու մարզիչը: Հավաքականը պարտվում է, աշխարհի ամենավատ մարդը Հայրապետյան Ռուբենն էր: Ես որ այդքան սիրել եմ ֆուտբոլ, արդեն չեմ էլ ուզում հեռուստացույցով նայել, որովհետև ֆուտբոլի երեսից ես այնքան բան եմ կորցրել, ու տուժել:
Տարիներ շարունակ իմ երեխեքի միլիոնավոր դոլարները տարել դրել եմ ֆուտբոլի զարգացման մեջ: Շատ բաներ կան, թող գնան ստուգեն: Հավաքականը չարթերային թռիչքներով մեկնել է տարբեր երկրներ՝ Իսլանդիա, Պորտուգալիա: Թող ստուգեն տեսնեն՝ ֆեդերացիան դրա համար վճարե՞լ է: Արդյոք ե՞ս եմ վճարել. միգուցե ես չեմ վճարել, թողենք, բայց ֆեդերացիան չի վճարել:
Հավաքականի 4 մարզիչ ենք ունեցել՝ Օսկար Լոպես, Միխայ Ստոյկիցե, Բերնար Կազոնի, Բերնար Շալանդ, ովքեր իրենց խմբով են եկել: Թող ստուգեն, տեսնեն՝ ֆեդերցիան 1 կոպեկ վճարե՞լ է: Ֆեդերացիան այն ժամանակ է սկսել վճարել, երբ 2012 թվականից հետո ես այնպիսի պայմանագրեր եմ կնքել, որ ֆեդերացիան այլևս փողի կարիք չի ունեցել: Ֆեդերացիան սկսել է մասսայականորեն ֆուտբոլի դաշտեր կառուցել:
Ամբողջ ԽՍՀՄ տարիներին կարո՞ղ եք ինձ ասել, թե քանի ֆուտբոլի դպրոց է կառուցվել Հայաստանում, ու քանի՞ դպրոց է կառուցվել վերջին 8-10 տարում: Մարդուն, որը միայն կառուցել է, անհասկանալի մեղադրանքներ են առաջադրում:
Լավ ես ամենավատն եմ, ձերբակալեք ինձ, այդ ժամանակ հավաքականը դադարելո՞ւ է պարտվել, թե՞ ես էի մեղավոր, որ 1:9 հաշվով պարտվեցին»: