Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովին Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհվել: Այս մասին հայտնում է Sports.ru-ն` վկայակոչելով իր աղբյուրներին:
Լուրը միմյանց հետ կապ չունեցող միանգամից 3 աղբյուր հաստատել է:
Նման շքանշաններով պարգևատրվելու վերաբերյալ հրամանները սովորաբար հրապարակվում են համապատասխան պետաական գերատեսչությունների պաշտոնական կայքերում, բայց այս անգամ նման բան չի եղել:
Նշենք` Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրվում են անձնական արժանիքների, բարեխիղճ և երկարամյա ծառայության համար:
Հիշեցնենք` Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն (WADA) դեկտեմբերի 9-ին միաձայն ընդունել է Համապատասխանության հանձնաժողովի առաջարկությունները և հակադոպինգային օրենսգրքին չհամապատասխանող ճանաչել Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը՝ RUSADA-ն։ Պատճառը ռուս մարզիկների դոպինգ-թեստերի արդյունքների կեղծումն էր:
Սա նշանակում է, որ ռուսաստանցի մարզիկները չեն կարող մասնակցել միջազգային խոշոր մրցաշարերին երկրի դրոշի ներքո, և Ռուսաստանը զրկվում է միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնելու իրավունքից։ Առաջիկա 4 տարիներին Ռուսաստանը չի կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին։ Միևնույն ժամանակ ռուսաստանցի մարզիկները կկարողանան հանդես գալ միջազգային խոշոր մրցումներում չեզոք դրոշի ներքո և առանց օրհներգի, եթե կարողանան ապացուցել, որ դոպինգ չեն օգտագործել։
Նույն օրը մամուլի ասուլիսի ընթացքում Պավել Կոլոբկովը հայտարարել է, որ «ամեն ինչ ճիշտ է արել», և խուսափել է այն հարցից, թե ով կարող էր կեղծել մարզիկների տվյալները: