Այս շաբաթ ավարտվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը և այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կկայանան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները E, F ,G և H խմբերում, որտեղ մենք ականատես կլինենք բավականին հետաքրքիր դիմակայությունների:
Armsport-ը հայացք է նետում այդ խմբերում տիրող իրավիճակներին և իրադարձությունների հնարավոր զարգացումներին:
E Խումբ. Լիվերպո՞ւլ, թե՞ Զալցբուրգ
«Նապոլի» — «Գենկ»` 21:55
«Զալցբուրգ»- «Լիվերպուլ»` 21:55
Վերջին անգամ ՉԼ գործող չեմպիոնին չի հաջողվել դուրս գալ փլեյ-օֆֆ 2012/13 մրցաշրջանում, և «Լիվերպուլը» հաստատ չի ցանկանում կրկնել «Չելսիի» սխալը: Դա անելու համար հարկավոր է չպարտվել «Զալցբուրգին»: Բրիտանացիների խնդիրն ավելի դյուրին կդառնա, եթե նրանց հաջողվի վնասազերծել Էրլինգ Հոլանդին: Այս մրցաշարում նա դեռ խաղադաշտից չի հեռացել առանց գոլի:
«Սա աշխարհի լավագույն թիմն է, բայց մենք գիտենք, որ տանը խաղում ենք ուժեղ: Մենք հնարավորություն կունենանք շարունակել հանդես գալ ՉԼ-ում, եթե ցույց տանք մեր բարձր մակարդակը», — ասել է նորվեգացի հարձակվողը:
Մյուս խաղում, կարծում ենք, առանձնապես սենսացիա սպասել պետք չէ: Նեապոլիտանացիները պետք է որ խնդիր չունենան բելգիական թիմի հետ, այն էլ՝ սեփական հարկի տակ:
Միավոր | ||
---|---|---|
1 | 🏴Լիվերպուլ | 10 |
2 | 🇮🇹Նապոլի | 9 |
3 | 🇦🇹Զալցբուրգ | 7 |
4 | 🇧🇪Գենկ | 1 |
F Խումբ. Դրամատիկ հանդիպման ակնկալիքով
«Բորուսիա» — «Սլավիա»` 00:00
«Ինտեր» — «Բարսելոնա»` 00:00
Տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա Միլանում: «Ինտերը» տանը կընդունի «Բարսելոնային»: Միլանցիները մարտական են տրամադրված, իսկ «Բարսան» արդեն փլեյ-օֆֆում է և կորցնելու ոչինչ չունի այս խաղում: Գուշակություններ անելու փոխարեն, առաջարկում ենք պարզապես հետևել այս հանդիպմանը, որը կարող է լինել ամենադրամատիկն այս տուրում:
«Բորուսիային» Դորտմունդում անհրաժեշտ է միայն հաղթանակ, որպեսզի գերմանական ակումբը հնարավորություն ունենա շարունակելու իր «նավարկությունը» ՉԼ-ում: Կբավարարի նույնիսկ ոչ-ոքին, եթե միլանյան կոլեկտիվը զուգահեռ խաղում զիջի կատալոնացիներին: Սակայն, Ֆավրի թիմին ռիսկի դիմել պետք չէ… ինչ որ բան հուշում է, որ հնարավոր է ականատես լինենք գոլառատ հանդիպման:
Միավոր | ||
---|---|---|
1 | 🇪🇸Բարսելոնա | 11 |
2 | 🇮🇹Ինտեր | 7 |
3 | 🇩🇪Բորուսիա | 7 |
4 | 🇨🇿Սլավիա | 2 |
G Խումբ. Բոլորը դեռևս խաղի մեջ են
«Լիոն» — «ՌԲ Լայպցիգ»` 00:00
«Բենֆիկա»- «Զենիթ»` 00:00
Չնայած եզրափակիչ տուրից առաջ «Զենիթը» երկրորդ տեղում է, բայց նա չի կարող իրեն հանգիստ զգալ: Նույնիսկ Լիսաբոնում տարած հաղթանակը չի ապահովի 1/8 եզրափակչի ուղեգիր, եթե «Լիոնը» հաղթի «ՌԲ Լայպցիգին»: Պաշտպան Յարոսլավ Ռակիցկին և կիսապաշտպան Դալեր Կուզյաևը բաց կթողնեն այս հանդիպումը որակազրկման պատճառով:
«Շատ ցավալի է, որ նրանք չեն լինի վերջին հանդիպմանը, մեզ համար սա մեծ կորուստ է», — ասել է ակումբի մարզիչ Սերգեյ Սեմակը:
Թիմի տրամադրությունը մարտական է: Դրան նպաստել է «Սպարտակի» նկատմամբ 1-0 հաշվով տարած հաղթանակը, որից հետո «Զենիթը» գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ 8 միավորով առաջ լինելով մոտակա հետապնդողից:
«Լիոն»-«Լայցպիգ»… ինչպես վերը նշեցինք, ֆրանսիական ակումբին անհրաժեշտ է միայն հաղթանակ և ակնկալել, որ «Զենիթը» չի հաղթի Լիսաբոնում: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ. «Լայպցիգը» ևս չի պատրաստվում կիսել միավորները:
Միավոր | ||
---|---|---|
1 | 🇩🇪ՌԲ Լայպցիգ | 10 |
2 | 🇷🇺Զենիթ | 7 |
3 | 🇫🇷Լիոն | 7 |
4 | 🇵🇹Բենֆիկա | 4 |
H Խումբ. Ամեն ինչ կորոշվի Ամստերդամում
«Չելսի»- «Լիլ»` 00:00
«Այաքս»- «Վալենսիա»` 00:00
Այս խմբում ամեն ինչ խառն է, այդ իսկ պատճատով երկու հանդիպումները կդիտարկենք միևնույն հարթության վրա: «Չելսին» ակնհայտ ֆավորիտ է «Լիլի» հետ տնային խաղում: Այսպիսով, H խմբից երկրորդ ուղեգրի ճակատագիրը, ամենայն հավանականությամբ, կորոշվի «Վալենսիա» — «Այաքս» մրցավեճում: Հոլանդացիները վստահորեն ջախջախեցին իսպանացիներին առաջին խաղում, և այժմ նրանց բավարար է նույնիսկ ոչ-ոքին այս խաղում: Սակայն… պաշտպանական խաղը հոլանդացիների ավանդույթների մեջ չի մտնում:
«Մենք անպայման խաղալու ենք հաղթելու համար», — խոստանում է «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տաս Հագը:
Միավոր | ||
---|---|---|
1 | 🇳🇱Այաքս | 10 |
2 | 🇪🇸Վալենսիա | 8 |
3 | 🏴Չելսի | 8 |
4 | 🇫🇷Լիլ | 1 |
Վար Բաբայան