ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալությանը.
«Աստվածաշնչում մի բան կա գրված. ասում է՝ գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի: Հիմա գայթակղություն եղել է, մարդիկ գնում են գայթակղությունների, էս գործի մասին չեմ ասում, ընդհանրապես եմ ասում»,- Մարուքյանի խոսքերն է փոխանցում Tert.am-ը:
Ըստ նրա՝ այդպիսի գործերն անխուսափելի են:
«Բա ի՞նչ, մտածում էիք, որ հեղափոխություն է եղել, ուրեմն իշխանության եկածները բոլորը սո՞ւրբ են: Ո՛չ, իրենք էլ են գայթակղվելու, լինելու են գայթակղություններ: Դրա համար մենք ուշադիր ենք: Դրա համար ենք ասում՝ խնդիր կա, ծառայության դիմաց է նվեր տրվել: Այսօր կարող է հանրային շահերի համար բան ուզեն, մյուս օրն էլ՝ իրենց համար: Պետք է բոլորս ողջամտությունը պահպանենք: Չպետք է ասենք վայ վույ, քաղաքապետը սուրբ է, վարչապետը սուրբ է, ոչ մեկը սուրբ չէ, բոլորը կարող են սխալներ թույլ տալ, պետք է փոխզսպումների մեխանիզմը աշխատի ու քաղաքական մեխանիզմը աշխատեցնեն, որովհետև հիվանդ է համակարգը»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու կասկածանքով։
ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, Գևորգ Լոռեցյանից բացի, բերման է ենթարկվել նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Ըստ մեր լուրերի, խոսքը «Լոկոմոտիվի» սեփականատեր Հրաչ Քանանյանի մասին է: