«Լիվերպուլը» ջախջախել է «Էվերթոնին» անգլիական Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրի խաղում: Հանդիպումը կայացել է Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում և ավարտվել 5:2 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» դեռևս ոչ մի պարտություն չի կրել Անգլիայի առաջնությունում (14 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Հաշվի առնելով ընթացիկ առաջնության արդյունքները` մերսիսայդցիների`առանց պարտությունների շարքն ԱՊԼ-ում հասել է 32 խաղի (27 հաղթանակ, 5 ոչ-ոքի):
Այսպիսով, Յուրգեն Կլոպի սաները գերազանցել են ակումբային ռեկորդը անգլիական առաջնությունում առանց պարտությունների խաղերի քանակով, որը սահմանվել էր 1987 թվականի մայիսից մինչև 1988 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում:
«Լիվերպուլը», վաստակելով 43 միավոր, գլխավորում է Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակը: 16-րդ տուրում մերսիսայդցիների մրցակիցը կլինի «Բորնմուտը»: Հանդիպումը կկայանա Բորնմուտում դեկտեմբերի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: