Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` ֆուտբոլային հասարակությանը կոչ անելով ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ զերծ մնալ շահարկումներից և ագրեսիվ կոչերից.
«Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում և սոցցանցերում տեղ գտած հրապարակումները, որոնց մեջ շատ են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրության վերաբերյալ շահարկումները, թափանցիկություն չապահովելու համար ՀՖՖ-ի հասցեին հնչող մեղադրանքները, հորդորում ենք ֆուտբոլային հասարակությանը դրսևորել զսպվածություն և հանդուրժողականություն, զերծ մնալ շահարկումներից և ագրեսիվ կոչերից»,- ասվում է ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ Արտահերթ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները:
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում ուղիղ եթերում կհրապարակվեն ինչպես ՀՖՖ նախագահի, այնպես էլ գործկոմի անդամության թեկնածուների և նրանց առաջադրող անդամ կազմակերպությունների անունները:
Հրապարակման ամսաթիվը (դեկտեմբերի 6) պայմանավորված է նրանով, որ առաջադրված թեկնածուների փաթեթները դեռ ստուգվում են իրավաբանների կողմից` դրանց համապատասխանելիությունը ՀՖՖ կանոնադրությանը հաստատելու համար: