«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է գլխավորել «Նապոլին»` Կառլո Անչելոտիի պաշտոնանկության դեպքում:
Իտալական ակումբի մարզական տնօրեն Քրիստիանո Ջունտոլին օրերս կապ է հաստատել Գատուզոյի հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իր հնարավոր նշանակման վերաբերյալ, հայտնում է Calciomercato-ն:
Radio Marte-ի տեղեկություններով, «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Գենկի» հետ դեկտեմբերի 10-ին կայանալիք խաղից հետո մտադիր է հեռացնել Անչելոտիին ու պատրաստ է նշանակել Գատուզոյին:
Sky Sport Italia-ն հաստատում է, որ Անչելոտին ընթացիկ մրցաշրջանից հետո կամ ավելի շուտ կարող է հեռացվել «Նապոլիից», եթե թիմի արդյունքները չբարելավվեն:
14 տուրից հետո «Նապոլին» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Գատուզոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ֆիորենտինան»` Վինչենցո Մոնտելայի հեռացման դեպքում: