Մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը մեջքի հետ կապված խնդիրներ ունի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Դավթյանը, որն անմասն մնաց մեդալներից Կոտբուսում կայացած աշխարհի Գավաթի խաղարկությունից, այդ ժամանակ արդեն ցավեր է ունեցել, բայց չի ասել․
«Աշխարհի Գավաթում դժգոհ եմ միայն Արթուր Դավթյանից, քանի որ չարեց հենացատկը, զարմացա։ Պարզվեց ՝ մեջքի ցավեր ուներ, բայց չէր ասում։
Վորոնինի Գավաթի խաղարկությունում նոր իմացա, ընդհուպ ասացի՝ մի մասնակցի։ Սրսկեցինք, ամեն ինչ վերահսկվում էր՝ հանկարծ դոպինգ չլիներ։ Շատ լավ գնահատականներ ստացավ։ Դեռ պետք է պարզենք, թե ցավն ինչի արդյունքում էր։ Հիմա բժշկի է, կստուգվի։ Վորոնինի Գավաթից շատ գոհ եմ, երկրորդ տեղը հիանալի արդյունք է»,- ասաց Հակոբ Սերոբյանը։
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանը կմասնակցի Տոկիո-2020-ին։