«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իսպանական Պրիմերայի 15-րդ տուրի` «Աթլետիկոյի» հետ խաղում դարձել է միակ ու հաղթական գոլի հեղինակը: Հանդիպումը կայացել է Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում և ավարտվել հյուրերի`1:0 հաշվով հաղթանակով:
Մեսսին Իսպանիայի առաջնության շրջանակում առաջին անգամ է աչքի ընկել այս մարզադաշտում: Նա գոլեր է խփել բոլոր 20 թիմերի դարպասը, որոնք ընթացիկ մրցաշրջանում հանդես են եկել Իսպանիայի առաջնությունում:
Ընդհանուր առմամբ, արգենտինացի հարձակվողը Լա Լիգայի մրցակիցների դարպասները գրավել է 38 տարբեր ստադիոններում, ինչը մրցաշարի ռեկորդ է:
Բացի այդ, այս գոլը Մեսսիի համար դարձել է 25-րդը «Աթլետիկոյի» դեմ Լա Լիգայում անցկացրած 27 խաղում: Իսպանիայի առաջնության շրջանակում Մեսսին ավելի շատ գոլ խփել է միայն «Սևիլիային» (29):
«Բարսելոնան» 31 միավոր է վաստակել ու այս ցուցանիշով հավասարվել «Ռեալին»: Կատալոնացիները լրացուցիչ ցուցանիշներով գտնվում են առաջին տեղում: «Աթլետիկոն» 25 միավորով 6-րդ տեղում է: