Ֆրանսիսկո Ռոյիգը՝ աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի մարզիչը, պատմել է իսպանացի թենիսիստի ֆիզիկական պատրաստվածության մասին.
«Դևիսի Գավաթում հաղթանակը մեծ հաջողություն է: Նա շատ խաղեր անցկացրեց: Նադալի մոտ ձախ ձեռքի հետ կապված խնդիրներ առաջացան: Նրան հանգստի համար ժամանակ է անհրաժեշտ: Վնասվածքի պատճառով նա չի կարողանում նորմալ աշխատել, մենք բժշկի ենք դիմել: Բայց Ռաֆան հաջորդ ամիս կխաղա Աբու-Դաբիի ցուցադրական մրցաշարում. իսկ դեկտեմբերի 28-ին մենք կմեկնենք Ավստրալիա:
Դեռ որքա՞ն Նադալը կխաղա մրցաշարերում. հստակ չեմ կարող ասել: Կարծում եմ՝ 2-3 տարի»,- Ռոյիգի խոսքերն է փոխանցում Tennis World USA-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նադալը, ռուս Դանիել Մեդվեդևը և ճապոնացի Քեյ Նիսիկորին հաստատել են իրենց մասնակցությունը Բարսելոնայի մրցաշարին: Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 16-րդ անգամ կմասնակցի այս մրցաշարի հիմնական ցանցին: Նադալը Բարսելոնայի մրցաշարի 11-ակի հաղթող է: