Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին Sputnik Armenia-ին տված հարցազրույցում խոսել է ազգային ընտրանու շուրջ ստեղծված իրավիճակի, գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի, Իտալիայից կրած 1։9 հաշվով պարտության և այլնի մասին․
«Բոլորը նշում են, որ 3 կամ 5 պաշտպաններով խաղալը ճիշտ չէ, բայց եզրային պաշտպաններ Կամո Հովհաննիսյայի և Հովհաննես Համբարձումյանի ունակությունները թույլ են տալիս խաղալ այդ սխեմայով։
Ամեն դեպքում, մենք ևս մեկ անգամ հասկացանք, թե ինչ հնարավորություններ ունի մեր հավաքականը Մխիթարյանի հետ, և առանց նրա»,- ասել է Բերեզովսկին։
Խոսելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ու նրա սկանդալային հայտարարության մասին՝ Բերեզովսկին մասնավորապես ասել է․
«Քիչ եմ շփվել Խաշմանյանի հետ, բայց այդ մի քանի օրերի ընթացքում համոզվեցի, որ նա իր գործի գիտակ է, մարզումների ժամանակ զուսպ է ու սառնասիրտ։ Հնարավոր է՝ զգացմունքներն ավելի շատ արտահայտվում են խաղերի ժամանակ, բայց մարզումների ժամանակ Խաշմանյանն իր բարձունքում էր։
Ընդունում եմ, որ հետխաղային ասուլիսի ժամանակ Խաշմանյանի արած հայտարարությունը տեղին չէր, ու առհասարակ նման բան ասելու կարիք չկար։ Մարդը սխալվել է, բայց ճի՞շտ է արդյոք այդ սխալի պատճառով նրան այլևս մարզիչ չհամարելը, չեմ կարծում։ Պետք չէ բոլոր սլաքներն ուղղել մարզչի դեմ»,- ասել է Բերեզովսկին։