Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Աթլետիկոյի» հետ խաղի արդյունքը (1:0).
«Մենք բավականին մեծ ջանքեր գործադրեցինք այս խաղում, ինչն անխուսափելի է Չեմպիոնների լիգայի խաղի համար: Կարծում եմ` մեզ մոտ ամեն ինչ ստացվեց, բայց, ինչպես Ա Սերիայի վերջին խաղում «Ատալանտայի» հետ (3:1), մեզ համար դժվար էր հաղթանակի հասնելը:
Նախևառաջ, մենք հիանալի առաջին կես անցկացրինք, բայց երկրորդ կեսում ես զայրացած էի, քանի որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները հեշտությամբ էին կորցնում գնդակը` «Աթլետիկոյին» թույլ տալով բացվել: Հնարավոր է` Չեմպիոնների լիգայում մենք մեծ մոտիվացիա ունենք, բայց դա սխալ է, քանի որ մենք պետք է այդպես տրամադրվենք ցանկացած մրցաշարի»,- ասել է Սարին ու խոսել նաև թուրինցիների հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուի ու Պաուլո Դիբալայի մասին. վերջինս խփեց հանդիպման միակ ու հաղթական գնդակը.
«Կրիշտիանուն ամբողջ խաղն անցկացրեց դաշտում, քանի որ ես ցանկանում էի, որ նա գոլ խփի, ինչը նրան մոտիվացիա կտար: Կարծում եմ` նրա ֆիզիկական վիճակը բարելավվում է: Նա ամբողջ ուժով փորձում էր մարզվել: Վաղը կտեսնենք`նրա ծունկն ավելի լա՞վ կլինի:
Դիբալան համաշխարհային մակարդակի խաղացող է, նա հիանալի մարզավիճակում է, այդ իսկ պատճառով հիմա նա կարող է փոխել խաղի ընթացքը միայնակ»,- Սարիի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Թուրինի «Յուվենտուսը» ժամանակից շուտ ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում` D խմբի առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղի համար պայքարում են Մադրիդի «Աթլետիկոն» ու Լևերկուզենի «Բայերը», որոնք իրենց ակտիվում 7 և 6 միավոր ունեն համապատասխանաբար: