Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանել է իր հայտարարությունը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում Իտալիա-Հայաստան հանդիպումից հետո իր հայտարարությունն այն մասին, թե ազգային հավաքական չէ, այլ հավաքական է:
Խաշմանյանն ընդգծել է, որ այդ հայտարարությունն ուղղված չի եղել ազգային հավաքականին կամ որևէ ֆուտբոլիստի:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ դա ուղղված չի եղել ազգային հավաքականի որևէ ֆուտբոլիստի և ընդհանուր ազգային հավաքականին, այլ ուղղված է եղել զուտ կազմակերպչական մոտեցումներին:
Ըստ իս, անթույլատրելի են նման մոտեցումները, որոնց ես ականատես եղա: Նախ` մարզչական շտաբը և ֆուտբոլիստները գտնվում էին, այսպես ասած, անհասկանալի վիճակում, որովհետև ոչ մի բարձր պաշտոնյա ղեկավար չէր մեկնել ազգային հավաքականի հետ Իտալիա` բացի գործկոմի երկու անդամներից` Մարինա Թաշչյանից և Թովմաս Գրիգորյանից:
Գտնում եմ` նման մոտեցումները անհասկանալի և անթույլատրելի են: Պատվիրակության կազմում կային տարբեր ոլորտի մարդիկ, որոնք հանգրվանել էին նույն հյուրանոցում և առնչվում էին ազգային հավաքականի հետ, որը նույնպես համարում եմ ոչ պրոֆեսիոնալ և անթույլատրելի: Իմ արձագանքը եղել է հենց այդ կապակցությամբ»,- ասել է Խաշմանյանը:
Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա Խաշմանյանը նշել է, որ ինչպես ասել է, ևս մեկ անգամ փաստում է, որ տղաներն արել են ամեն ինչ և առավելագույնը, իսկ Իտալիայի խաղից հետո չի խոսել նրանց հետ.
«Եթե խոսեի, պետք է ասեի նույնը: Ես հարգում և գնահատում եմ բոլոր ֆուտբոլիստներին անխտիր, որ նրանք ներկայացնում են ազգը և տալիս են առավելագույնը: Երկրորդ կարծիք չկա»: