Անվանի հայ ֆուտբոլիստ, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների, «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ, ազգային թիմի մարզչի նախկին պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն անդրադարձել է հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին.
«Բոլորը քննադատում եմ մեր տղաներին, բայց ինձ թվում է՝ ինչ-որ չափով բավական է, որովհետև քննադատությունը պետք է արդյունավետ լինի, եթե հենց այնպես՝ շատ վատ բառերով քննադատում ես ֆուտբոլիստին, ցանկացած մարդ, ոչ միայն մարզիկ, այդ քննադատությունը չի ընդունում, իսկ եթե տեղին ես քննադատում, նաև ֆուտբոլիստն է նայում, կարդում, ընդունում, իսկ մեր մոտ մարդիկ սովոր են հայհոյանքներով քննադատել: Ես դա չեմ ընդունում, միևնույն է, մեր տղաներն են խաղում, լինում է նաև պարտություն, ցանկացած երկիր էլ պարտվում է: Համակարգն է մեղավոր, որ ֆուտբոլիստները պարտվում են, իսկ մենք ամեն ինչ մոռացել ենք, թիրախավորում ենք նրանց ու քարկոծում ենք»:
Խոսելով ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների մասին` Հովսեփյանն ասել է. «Տեսեք, շատերը կան, որ ուզում են օրինակ ՀՖՖ նախագահ դառնան, բայց ոնց նայում եմ, բոլորը քննադատում են, բայց այդ մարդիկ տեսլական պետք է ունենան, ընտրություն պետք է կատարենք, ես ընտրող եմ, բայց պետք է հասկանամ, թե մարդն ինչ տեսլական ունի: Գալիս, նստում են այդ աթոռին, ինչ ուզում, անում են, հետո ասում են՝ չստացվեց: Միգուցե ասեն մեզ, մենք էլ օգնենք, խորհուրդներ տանք, թե չէ մեկ անձը չի կարող ամեն ինչ ճիշտ անել: Ինչ վերաբերում է մեր վարչապետի ասածին, ապա դա մարզասերի ցանկություն է, ես էլ եմ ցանկանում , որ աշխարհի ընտրական խաղերին մեր հավաքականը դառնա աշխարհի չեմպիոն, դա որպես մարզասեր է ասել վարչապետը, իսկ որպես պրոֆեսիոնալ դա շատ, շատ-շատ բարդ է, քիչ հնարավոր է, եկեք մեկս մյուսին չխաբենք»:
Աղբյուրը` Tert.am